Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը
Տավուշի մարզում օգոստոսի 17-ին այրված մեքենայի մեջ մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա համագյուղացին եւ ծառայակիցը՝ Ա. Լալայանը:
shamshyan.com-ի փոխանցմամբ, Ա. Լալայանը կատարված հանցագործության մասին անհերքելի ապացույցների ճնշման տակ որոշ մանրամասներ է պատմել իրավապահներին: Նա իր զոհի հետ սպանությունից ժամեր առաջ ինչ-որ խնջույքի մասնակցելիս են եղել: Խնջույքից հետո վերադառնալով տուն՝ նա ճանապարհին մի քանի շիշ գարեջուր եւ քաբաբ է գնել, այնուհետեւ իր զոհի մեքենայով ուղեւորվել Ներքին Կարմիրգյոււղ, որտեղ էլ ինչ-որ ընտանեկան հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Լալայանը բռունցքի բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Գրիգորյանին, այնուհետեւ ավտոմեքենայից դուրս է հանել իր զոհին, արդեն հարվածները շարունակել դրսում, որից հետո նրան դրել է ավտոմեքենայի մեջ եւ ավտոմեքենան հրելով՝ գլորել զառիթափից եւ արդեն իջնելով զառիթափ՝ հրկիզել է մեքենան, մտածելով որ մարդիկ կիմանան, որ Վ. Գրիգորյանը վթարի է ենթարկվել, ինչի պատճառով էլ առաջացել է հրդեհ, ինչն էլ ավարտվել է ողբերգությամբ:
Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվելու են Կայազորի քննչական վարչություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք,ո ր Վարդան Հրաչիկի Գրիգորյանը 32 տարեկան էր, ըստ գյուղապետի, մեկ երեխայի հայր։ Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի: Մոխրակույտի վերածված ВАЗ 2106 մակնիշի մեքենայում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վարդան Գրիգորյանի մոխրացած դին։
Մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում։