Գյուղնախարարությունում քննարկվել են խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի առաջիկա ծրագրերը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարությունից հայտնում են, որ նիստի օրակարգի հիմնական հարցը Հիմնադրամի կողմից ներկայումս իրականացվող եւ առաջիկա ծրագրերի քննարկումն էր:
Նիստի սկզբում Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է նոյեմբերին նախատեսվող Գինու կոնֆերանսի ծրագիրը: Համաժողովն արդյունավետ կերպով կնպաստի հայկական գինեգործական ավանդույթների եւ նրա մշակութային ժառանգության վերածննդին, հնագույն արժեքների պահպանմանը, տեխնոլոգիաների լայն տարածմանը, ինչպես նաեւ կխթանի գինու միջազգային ստանդարտների համապատասխանության հաստատումը Հայաստանում: Հիմնադրամն իր առջեւ խնդիր է դրել համաժողովի միջոցով հայկական գինեգործության եւ խաղողագործության ոլորտի ներկայացուցիչներին տրամադրել արժեքավոր եւ գործնական տեղեկատվություն ստանալու հարթակ, ինչը մեծապես կարող է նպաստել սեփական արտադրանքի որակի բարելավմանը եւ բիզնես հաջողությունների հասնելուն:
Այնուհետեւ ներկայացվել է «Հայաստանի տնկարկների կադաստրի» ստեղծման ծրագրի նախագիծը, որը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկները, առկա սորտերը, վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքի որակը եւ կանխել հնարավոր կեղծարարությունները:
«Մեր նպատակն է ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղադրվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ եւ մթերմամբ զբաղվող բոլոր շահառու կողմերի վերաբերյալ»,-նշել է Զարուհի Մուրադյանը` հավելելով, որ ծրագիրը կմեկնարկի այս տարվա սեպտեմբեր ամսին:
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի առաջիկա նախաձեռնությունների թվում է նաեւ սույն թվականի հոկտեմբեր ամսին Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ Կանադայից միջազգային լրագրող-փորձագետների եւ բլոգերների այցի կազմակերպումը, ինչը կնպաստի արտերկրում Հայաստանի գինիների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը եւ արտասահմանյան շուկայում հայկական արտադրանքի հանդեպ հետաքրքրության աճին:
Ծրագրի շրջանակներում Հայաստանի գինեգործական ավանդույթներին տեղում ծանոթանալու նպատակով բլոգերների եւ լրագրող-փորձագետների համար կկազմակերպվեն այցելություններ տարբեր մարզերում տեղակայված խաղողի այգիներ, որտեղ նրանք հնարավորություն կունենան համտեսել տեղական գինիները:
Տեղեկացնելով, որ ընթացիկ տարվա աշնանը Շանհայում կայանալու է ProWine ցուցահանդեսը` Զարուհի Մուրադյանը հավելել է, որ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության ու Հայաստանի զարգացման հիմնադրամների համատեղ ջանքերի շնորհիվ կոնյակ եւ գինի արտադրող 15 հայկական ընկերություններ առանձին տաղավարով կմասնակցեն այդ միջոցառմանը:
«Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում նաեւ արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ, եւ այդ առումով, կարծում ենք, հայկական գինեգործական ընկերությունների համար կարեւոր կլինի մասնակցությունը միջազգային միջոցառումներին, այդ թվում` նաեւ Շանհայի ցուցահանդեսին»,-նշել է Զարուհի Մուրադյանը:
Հիմնադրամի առաջիկա նախաձեռնությունների թվում է նաեւ Հայաստանի գինեգործության վերաբերյալ իրազեկող տեսահոլովակի նկարահանումը, որում համառոտ կներկայացվեն ոլորտի զարգացման պատմությունն ու ժամանակակից զարգացումները, Հայաստանում գինու զբոսաշրջության հնարավորությունները:
Նիստի ընթացքում քննարկվել են խաղողագործության եւ գինեգործության ոլորտին վերաբերող այլ հարցեր եւս: