27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը. գյուղնախարար

Մենք նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը հանրապետություն`  հնարավորություն տալով, որպեսզի տեղի սերմարտադրողներն իրացնեն իրենց արտադրանքը: Այս մասին, աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ այցելության ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից հայտնում են, որ մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Շորժա համայնքի ծիրանի այգի: Այգու համասեփականատեր Սուլիկո Շուշանյանը տեղեկացրել է, որ այգին, որում աճեցվում են հայկական ավանդական ծիրանի սորտեր, հիմնվել է 2016 թվականին՝ 10 հեկտարի վրա,  երրորդ տարում սպասում են ստանալ բերքի որոշակի քանակ, իսկ հինգերորդ տարում ակնկալում են լիարժեք բերք: Նշելով, որ այգու ոռոգումն իրականացվում է կաթիլային համակարգի միջոցով` Սուլիկո Շուշանյանն ընդգծել է, որ այն կատարյալ է եւ չափազանց արդյունավետ:

Նա տեղեկացրել է նաեւ, որ այգում ընթացիկ աշխատանքների իրականացման համար գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մի քանի միավոր տեխնիկա` միաժամանակ ընդգծելով, որ նման ծրագրի նախաձեռնումը շատ կարեւոր է եւ անհրաժեշտ:

Շրջելով Շորժայի ծիրանի այգում` նախարարը հույս է հայտնել, որ այն տարածաշրջանի մյուս այգեգործների համար ազդակ կհանդիսանա, որպեսզի հիմնեն նմանատիպ այլ այգիներ, քանի որ առկա են բոլոր նախադրյալները որակյալ բերք ստանալու եւ դրանով իսկ մեծ եկամտաբերություն ապահովելու համար:

Այնուհետեւ Իգնատի Առաքելյանն ուղեւորվել է Մեծ Մասրիկ համայնք, հանդիպել տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը:

Այցի ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է նաեւ Վարդենիկ համայնքի «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունում: Կազմակերպության հիմնադիր Արտուշ Խաչատրյանի տեղեկացմամբ` ձեռնարկությունը ստեղծվել է 2016 թվականի մայիսին եւ «Համայնքների զարգացումը սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակում խրախուսում է տարբեր բանջարատեսակների եւ խոտաբույսերի հավաքումը, չորացումն ու սառեցումը:

Նրա խոսքով` իրացման հետ կապված խնդիրներ չկան. արտադրանքի մի մասն իրացվում է տեղական շուկայում, մնացածն արտահանվում է: Հաջորդ տարվանից նախատեսվում է հարեւան տարածաշրջաններից մթերել այլ մշակաբույսեր, ընդլայնել տարածքները, ձեռք բերել նոր սառցարան եւ չորանոց: Նշել է նաեւ, որ ձեռնարկությունը հետաքրքրված է նաեւ  Գյուղատնտեսության նախարարության մշակած սուբսիդավորվող մատչելի վարկերի ծրագրով, որով նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին տրամադրել 3-10 մլն դրամ՝ 5% տոկոսադրույքով, 5 տարի մարման ժամկետով:

Ձեռնարկության առավել հաջողված նախաձեռնությունների շարքում Արտուշ Խաչատրյանը մատնանշել է մասնավորապես բրոկոլիի մշակումը եւ տեղեկացրել, որ 2018 թվականին նախատեսվում է մշակել նաեւ բրյուսելյան կաղամբ, որը հանրապետությունում ունի մեծ պահանջարկ:

Վարդենիկ համայնքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է համայնքապետերին, որի ընթացքում ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող նոր ծրագրերն ու նախաձեռնությունները: Իր ելույթում նախարարը կարեւորել է մարզերի համար զարգացման տեսլականի մշակումը, ինչը թույլ կտա ծրագրեր իրականացնել` ելնելով յուրաքանչյուր մարզի առաջնահերթություններից եւ առանձնահատկություններից: Իգնատի Առաքելյանը շեշտել է նաեւ խորհրդատվական համակարգի հզորացման եւ ոլորտի մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը:

Իր հերթին մարզպետ Կարեն Բոթոյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքում  հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին, իսկ կարտոֆիլի բերքահավաքը կմեկնարկի մոտ մեկ ամսից: Նա նշել է, որ հետագայում նախատեսվում է Շորժայի այգիների օրինակով նմանատիպ այգիներ հիմնել նաեւ Վարդենիսի տարածաշրջանում, իսկ Մարտունիում` սկսել բրոկոլիի մշակություն: Ըստ նրա` մարզի համայնքներում մեծ հետաքրքրություն են առաջացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերը, մասնավորապես՝ մատչելի տոկոսադրույքով գյուղտեխնիկայի ձեռքբերման հնարավորությունը:

Ամփոփելով այցի արդյունքները` Իգնատի Առաքելյանը նշել է, որ թեեւ մարզում հիմնականում զբաղվում են հացահատիկի եւ կարտոֆիլի մշակությամբ, սակայն բնակլիմայական նպաստավոր պայմաններ կան նաեւ այգեգործության զարգացման համար:

Անդրադառնալով աշնանը գյուղացիներին սերմով ապահովելու հարցին՝ նախարարը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի նախատեսում սերմ ներմուծել այն պարագայում, եթե տեղական սերմարտադրողներն ապահովեն ներքին պահանջարկը:

«Մենք նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը հանրապետություն`  հնարավորություն տալով, որպեսզի տեղի սերմարտադրողներն իրացնեն իրենց արտադրանքը: Հայաստանում գործող սերմարտադրողների հետ հանդիպումների ժամանակ նրանք նշել են, որ պատրաստ են գյուղացիական տնտեսություններին ապահովել տեղական արտադրության սերմերով, եւ եթե պահանջարկն ավելին լինի, քան իրենց առաջարկն է, ապա միայն այդ դեպքում կկազմակերպվի սերմերի որոշ խմբաքանակի ներկրում»,-նշել է նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ