Մարզպետի խորհրդականի սպանության գործով մեղադրյալ կնոջ նկատմամբ նշանակվել է համալիր փորձաքննություն

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կնոջ նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն:
Որոշում է կայացվել նշանակել ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն՝ պարզելու համար, թե Սիմոնյանի սպանության մեղադրանքով կալանքի տակ գտնվող նրա կինը հանցագործությունը կատարելու պահին եւ դրանից հետո ի՞նչ հոգեկան վիճակում է գտնվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել: Կինը հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տնից՝ եւ չի վերադարձել:
2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմանում, «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված եւ կապկպված:
Սպանվածի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը, իսկ որդուն արգելանքից ազատելու մասին որոշում է կայացվել:
Նախնական տեղեկություններով սպանության դրդապատճառն ընտանիքում անհաշտ հարաբերություններն են եղել: