Ջուրը թանկանում է.Կարինե Դանիելյանը մեկնաբանում է
«Խմելու ջրի հետ կապված խնդիրներն անվերջ են»,-այսօր` օգոստոսի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է բնապահպան Կարինե Դանիելյանն՝ անդրադառնալով «Վեոլիա Ջուր» ընկերության մտադրությանը՝ առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու համար։
Բնապահպանը հիշեցրել է , որ խմելու ջրի նկատմամբ վերաբերմունքն իրենց պայքարն է եղել. «Երկար ժամանակ մենք մի խումբ բնապահպաններով պայքարում էինք, որ ջրի մինիմալ քանակը, որն անհրաժեշտ է մարդուն խմելու և սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովելու համար, լինի անվճար, իսկ դրանից հետո գումար գանձնել արդեն պրոգրեսիվ ճանապարհով: Մեր մոտեցումն այդպիսին էր, բայց մեր կարծիքը հաշվի չառնվեց, միայն խոստացան, որ սոցիալապես անապահով խավերը անվճար կստանան կամ զեղչ կունենան, բայց այդպես էլ դա չեղավ»:
Նրա խոսքով՝ բազմաթիվ երկրներում, ինչպես նաև մեզ մոտ, ջուրը չի դիտվում որպես մարդու իրավունքի դրսևորում, այլ այն ուղղակի որպես ապրանք է դիտվում, սակայն շատ երկրներում գործում է զեղչային համակարգը:
Դանիելյանը նկատում է, որ գուցե տնտեսապես ջրի սակագնի բարձրացումը արդարացված է, բայց սոցիալական ու էկոլոգիական առումով ընդհանրապես այդպես չէ: