Ուսանողների թվի կրճատման պատճառը արտագաղթն է.սոցիոլոգ
Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում բուհերի թիվը կրճատվել է 25-ով՝ 85-ից հասնելով 60-ի, իսկ ուսանողների թիվը 110 հազարից դարձել է 85 հազար։
Այս մասին այսօր` օգոստոսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Սոցիոլոգի խոսքով՝ բուհերի և ուսանողների թվի նվազումը միայն ծնելիության և արտագաղթի հետ չէ կապված. «Կարևոր խնդիր է նաև այն, որ դպրոցի շրջանավարտների մոտ 60 տոկոսը մասնագիտական կողմնորոշում չունի»։
«2012 թ․ ընդունվել է 21 300 ուսանող, ավարտել է 12 300-ը, 60 տոկոսն է ավարտել։ Նույնը մենք ակնկալում ենք այս շրջանում։ Հիմնականում պահպանվում են այն մասնագիտությունները, որտեղ երեխան դեռ դպրոցում ուղղված է դրան, այցելում է համապատասխան դպրոց։ Այդ մասնագիտություններում կրճատում համարյա չի նշվում, իսկ հումանիտար առարկաներում, ինչպես նաև տնտեսագիտության դեպքում բավականին լուրջ կրճատումներ են»,- նշեցլ է սոցիոլոգը։
Ասուլիսի մյուս բանախոսը` կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը ուսանողների թվի կրճատումը առաջին հերթին կապում է բնակչության թվի սակավության հետ: Նա համոզված է, որ պատճառը բուհերի վատ կամ լավ աշխատանքը չէ։
Այս տարի Կրթության միջազգային ակադեմիայում հիմնականում պակաս չի եղել բժշկական և հումանիտար ուղղություններով։ Նախորդ տարվա համեմատ՝ ուսանողների թիվն աճել է, բայց 10 տարվա կտրվածքով՝ անհամեմատ նվազել։
«Այս փուլում հայ շրջանավարտներին ենք ընդունում, և գրեթե նույնն է մասնագիտությունների առումով։ Բայց արդեն օգոստոսին սփյուռքահայ դիմորդների հոսքն է սկսվելու և հենց նրանց վրա էլ հույսը դնում ենք։ Կարծում եմ՝ տեղերը համալրելու առումով բոլոր բուհերն էլ հույսը դնում են արտասահմանցի ուսանողների վրա»,- ասել է Հարությունյանը։
ԵՊՀ միջհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանն էլ հայտնել է , որ ընդունելության քննությունների առաջին, երկրորդ փուլերին եղել է 9559 դիմորդ, որից ընդունվել է 8266-ը։ Նախորդ տարվա համեմատ այս տարվա ցուցանիշը նվազել է մոտ 500-ով։
Երևանի պետական համալսարանում վերջին տարիներին հատկացված տեղերից 1․5-2 անգամ ավելի ուսանողներ կան ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մշակութաբանության, միջազգային հարաբերությունների, իրավագիտության ֆակուլտետներում, բայց ընդունվողների թիվը տարեցտարի նվազում է ֆիզմաթ և բնագիտական բաժիններում։
«1995-2008 թթ․ ֆիզմաթ և բնագիտական ֆակուլտետներում ունեցել ենք նաև հարցազրույցով ընդունելություն, որն օգնում էր համալրել թափուր տեղերը։ Հաշվի առնելով, որ մեր տնտեսության զարգացման համար շատ կարևոր է հիմնարարը գիտությունների դերը, վերջին տարիներին մենք դիմում ենք պատկան մարմիններին, որպեսզի թույլ տան հարցազրույցով ընդունելությունը վերականգնել»,- հայտնել է Գալստյանը։