Մեղադրանք է առաջադրվել` Շամիրամ գյուղում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ Շամիրամ գյուղում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար։
Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձին փախցրել է վերջինիս հորեղբայրը։
Այսպես՝ 2017թ. օգոստոսի 1-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ ըստ նախնական քննության տվյալների` 1967թ. ծնված Թելման Քալաշյանը, մուտք է գործել Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահ, որտեղ այդ պահին տեղի է ունեցել եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությունը, հայհոյել, ապա՝ իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից 4 –ը մահացել են, 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։
Դեպքից անմիջապես հետո Թ.Քալաշյանը դիմել է փախուստի, ինչը փորձել է կանխել սգո սրահում ներկա գտնվողներից մեկը՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով հետապնդելով նրան։ Շամիրամ գյուղի սկզբնամասում հասել և իր ավտոմեքենայով հարվածել է Քալաշյանի վարած ավտոմեքենային, ինչի հետևանքով նշված ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մտել հարակից դաշտ և կանգնել:
Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ է արձակել իրեն հետապնդող անձի ուղղությամբ: Սակայն վերջինս խուսանավել է: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Թ.Քալաշյանին իր ավտոմեքենայով նշված վայրից փախցրել է նրա հորեղբայրը, ով սգո սրահում ներկա է գտնվել նշված արարողությանը և ականատես եղել կատարված հանցագործությանը։
Հորեղբորը՝ 67-ամյա տղամարդուն, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ակտիվացնել օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ գտնվող Թելման Քալաշյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե