Դավիթաշենի տանը, որտեղ պայթյուն էր տեղի ունեցել, 4 արկ է հայտնաբերվել
Օգոստոսի 3-ին,ժամը 22:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 4 արկ:
Պարզվել է, որ հայտնաբերված ռազմամթերքը՝ 2 հատ հրետանային արկ 125 մմ, 1 հատ հակատանկային ականանետի արկ և 1 հատ հրթիռային արկ՝ բոլորը մարտական վիճակում:
Դեպքի վայր է մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Ժամը 00:45-ին ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայողները զինամթերքը տեղափոխել են ականազերծման կենտրոն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին, ժամը 20:02-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:
Պարզվել էր, որ Ռ. Մ.-ին պատկանող թիվ 56/2 տան բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1997 թ. ծնված Ա. Ե.-ը և 1985 թ. ծնված Ն. Ե.-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ն. Ե.-ը մահացել է, իսկ Ա. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: