Բյուջեն թալանվում է. կենտրոնացած է մի քանի ընտանիքի ձեռքում. Լեւոն Զուրաբյան
2014թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հիշեցրեց ՎՊ զեկույցը.:
՛՛Պարզվեցին բավական սկանդալային բաներ, որ բազմաթիվ փողեր վատնվում են, մսխվում են: Բյուջեն թալանվում է, ու թալանվում է մինչև հավաքագրվելը՛՛,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
՛՛Հայաստանում քանի որ տնտեսությունը կենտրոնացել է մի քանի ընտանիքի ձեռքում, որոնք օգտվում են դրանից, պարզվում է, նրանք չեն մուծում բյուջեի հարկերը, և գործում է ստվերային բյուջե, ստվերային տնտեսություն, որը չի հաշվարկվում՛՛:
Զուրաբյանը հավելեց, որ միջազգային մի շարք կազմակերպությունների գնահատականներով՝ պոտենցիալ հարաբերակցությունը հարկային եկամուտների ՀՆԱ-ի նկատմամբ պետք է լիներ մոտավորապես ՀՀ տիպի օրենսդրությամբ երկրի համար, առանց սոցիալական վճարների, 21 տոկոս:
՛՛Փաստացիորեն 2009-2011 թ. արձանագրված է 16.1-16.7 տոկոս, ինչը համաձայն այս մասնագետների գնահատականների՝ նշանակում է, որ բյուջեի եկամուտների մեծ մասը ստվերային է, չի մտնում բյուջե, թալանվում է՛՛-շեշտեց Զուրաբյանը:
Ի պատասան՝ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասաց, թե ինքը այդ կազմակերպությունների աշխատանքներին ծանոթ է, բայց տեղյակ չէ՝ 2013թ.-ին նման ուսումնասիրություն իրականացվել է, թե ոչ: Նախարարի գնահատմամբ՝ 21 տոկոսը բավական խելամիտ ցուցանիշ է, որով կարող է ՀՀ ընդհանուր պոտենցիալը գնահատվել:
Վահրամ Ավանեսյանն ասաց՝ համաձայն է Լ. Զուրաբյանի այն գնահատականի հետ, որ 24 տոկոսն այն թիվն է, որը պետք է ապահովվի, միաժամանակ նշելով, թե նման ցուցանիշի միանգամից հասնելը բավական բարդ խնդիր է: ՀԱԿ պատգամավորը խոստացավ ավելի լուրջ վերաբերել այս խոսակցությանը, գրավոր հարցապնդում կատարելու Կառավարություն՝ սպասելով լուրջ պատասխանի: