Սպանեցիք էլի՝ Վրաստան, Վրաստան …
՛՛Շինարարության տեմպերը դանդաղել են, անկում կա, ու տնեսական աճի դանդաղման տեմպերի հիմնական պատճառներից մեկը նաև դա է: Արդեն իսկ բյուջետային ուղերձում կան պաշտոնական սպասումները և 3.5% աճի փոխարեն 4.2% անկում է նախատեսվում՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ տեսակետ հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը և դիմելով Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին՝ հարցրեց.
՛՛Ի՞նչ է անհրաժեշտ շինարարության տեմպերի ավելացման համար, օրենսդրական նախաձեռնությո՞ւն՛՛: Քաղաքաշինության նախարարն այս հարցը ժամանակավրեպ համարեց: ՛՛Այսօրվա վիճակում չի կարելի գնահատական տալ՝ անկում կա, թե չկա, քանի որ շինարարական աշխատանքներն ավարտվում են տարեվերջին, այս թվերը փոփոխվելու են, սակայն տնտեսական անկում կա ու դա պայմանավորված է միջազգային վարկերի նվազմամբ՛՛,-ասաց Սամվել Թադևոսյանը:
Մելքումյանը ևս մեկ հարց ուղղեց, որ ավելի շատ դիտարկում էր: ԲՀԿ-ական պատգամավորը նետեց, թե Երևանում համատարած շինարարական կանոնների խախտումներ են լինում: Սրան արձագանքեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: ՛՛Կխնդրեի տարբերեք շինարարական նորմերը քաղաքաշինական կանոններից, համատարած քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտում չկա՛՛,-հորդորեց փոխքաղաքապետը:
Մելքումյանն արձագանքեց, որ խոսքը ՍԻՊՏ-երի /շինարարական կանոնների խախտում-հեղ./ մասին չէ: ՛՛Հանրային հնչեղություն ունեցող հանրային շարժումներ կան ու պետք է լուծում գտնել, չի կարելի հանրային իրադարձությունների ներքո միայն լուծել այդ խնդիրները, պետք է օրենսդրական լուծում գտնել: Օրինակ՝ ի՞նչն է խանգարում, որ Վրաստանի նման իրականացնենք՝ նախագծերը մեկ պատուհանի սկզբունքով ՛՛,-հարցրեց Մելքումյանը:
Արեյանը արձագանքեց. ՛՛Իմ մանկության երազը չէ նմանվել Վրաստանին… սպանեցիք էլի՝ Վրաստան, Վրաստան, ի՞նչ կա այնտեղ՛՛:
Նիստը վարող Վարդան Այվազյանն էլ հավելեց՝ ՛՛Ձեր հարցը պրծել եք, անցել ենք Վրաստանին՛՛: