«Ասել, որ բոլորը պետք է անցնեն կիրիլիցային, անհեթեթություն է»
«Աշխարհում ինքնուրույն 14 այբուբեն կա, որից մեկը հայերեն այբուբենն է: Մնացած բոլոր այբուբենները այս կամ այն կերպով սնվում են վերջիններիցս: Եվ եթե մեկ րոպե անգամ մտածենք մեր այբուբենից հրաժարվելու և կիրիլիցայով գրելու մասին, դա ուղղակի անհեթեթություն կլինի»,- այսօր «հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի առաջարկին, այն է՝ ԱՊՀ երկրներում անցում կատարել կիրիլիցիային:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ գրականագետ Ազատ Եղիազարյանն ընդգծեց՝ ավելի զգաստ է նայում ՌԴ նախարարի խոսքերին:
«Ասել, որ բոլորը պետք է անցնեն կիրիլիցային, անհեթեթություն է: Հայերը վերադառնալու տեղ չունեն, մենք արդեն 1600 տարի գիր ունենք, այլ է, օրինակ, ղրղզների դեպքում: Այնպես որ Վասիլևայի ասածը հայերին չի վերաբերում: Այս հարցում մեզ ոչ ոք չի կարող ստիպել, անգամ Պուտինը: Սա ոչ դիվանագիտություն է, ոչ քաղաքականություն: Մեր հոգևոր մշակույթի հետ գործ չունեն: Հոգևոր արժեքների դեպքում առևտուր չենք ընդունում»,- ասաց գրականագետը: