Հիշեցին ու գնահատեցին
Նոյեմբերի 3-ին լրանում է, բժիշկ, ազատամարտիկ, գնդապետ, Արցախի բուժծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Վալերի Մարությանի ծննդյան 70-ամյակը: Այդ կապակցությամբ նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ` նվիրված զինվորական բժշկի հերոսական կյանքին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ, ժամկետային զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լեգենդար բժշկի հարազատները և զինակից ընկերներ:
Հարգանքի և երախտիքի խոսքերով հանդես եկան Վալերի Մարությանի մարտական ընկերները, գրող-
հրապարակախոս Զորի Բալայանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերհիշելով և արժևորելով արցախյան ազատամարտի դրվագները, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ազատամարտի մասնակից բազմաթիվ քաջորդիների շարքում կարևորեց Վալերի Մարությանի դերը, ընդգծելով, որ հայրենիքի հանդեպ նրա նվիրումը պետք է վառ օրինակ ծառայի ներկա և գալիք սերունդների համար: “Վալերի Մուրաթյանի անմիջական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հիմնադրվել են բազմաթիվ զինվորական հոսպիտալներ:
Արցախյան պատերազմի տարիներին Վալերի Մարությանը դաշտային հոսպիտալներում կատարել է հազարավոր վիրահատություններ և ավելի քան 8 հազար մարտիկների վերադարձրել է ռազմի դաշտ”,- իր խոսքում մասնավորապես նշեց նախարարը:
Հուշ-ցերեկույթի ընթացքում ներկայացվեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
վարչությունում պատրաստված “Այրվելով լույս եմ տալիս ուրիշներին” փաստավավերագրական ֆիլմը` նվիրված Վալերի Մարությանին: Ֆիլմը ռազմական բժիշկի գործունեության ամփոփ գնահատականն է, հայրենիքի նվիրյալ սքանչելի մարդու և ընկերոջ նկարագիրը:
Հուշ-ցերեկույթի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Վալերի Մարությանի որդին` Արթուր Մարությանը, ռազմաբժշկության զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեց “ՀՀ զինված ուժեր 20 տարի” հոբելյանական մեդալով: