Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել բարեկամ Արգենտինայի հետ հարաբերությունների առկա մակարդակը:
ՀՀ ԱԺ նախագահը միջխորհրդարանական հարաբերություների ընդլայնման համատեքստում կարեւորել է երկու երկրների խորհրդարանների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունն ու փոխայցերը: Արա Բաբլոյանը նշել է, որ այս խորհրդարանում արդեն ձեւավորվել է Հայաստան-Արգենտինա բարեկամական խումբը, որը կշարունակի ղեկավարել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Արգենտինայի պաշտոնական տեսակետը, ինչը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ ձեւավորված ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել ընդլայնվել:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն ու դեսպանը քննարկել են հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում երկու երկրների պատվիրակությունների հանդիպմանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցները կարեւորել են հայ համայնքի դերն ու ավանդը հայ-արգենտինյան կապերի դինամիկ զարգացման գործում:
Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների շարունակական զարգացման եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: