Պարզաբանում
Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բուժօգնության համար 2014 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված գումարները տարբեր տողերում արտացոլված լինելու վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բաբայանի կողմից համացանցում տեղադրված հարցադրման կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալությունը պարզաբանում է, որ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծով “Առողջապահություն” բաժնում նախատեսված է.
1.”Հիվանդանոցային ծառայություններ” բաժնում “Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և փորձաքննություն” ծրագիր` ընդհանուր 1.245.518,3 հազար դրամ գումարով։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է զինկոմիսարիատներին կից բժշկական հանձաժողովների կողմից հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններ ուղեգրված զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննությունները, ինչպես նաև զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը:
2.”Արտահիվանդանոցային ծառայություններ” բաժնում “Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և փորձաքննություն” ծրագիր` ընդհանուր 2.762.575,3 հազար դրամ գումարով, որից ՀՀ առողջապահության նախարարության մասով` 412.575,3 հազար դրամ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության մասով` 2.350.000,0 հազար դրամ: ՀՀ առողջապահության մասով 412.575,3 հազար դրամի շրջանակներում փոխհատուցվում է զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված բժիշկ-փորձագետների և բուժքույրերի աշխատավարձը, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության ուղեգրման ճանապարհածախսը և զորակոչային ու նախազորակոչային տարիքի անձանց ամբուլատոր պայմաններում բուժման ծախսերը:
Միաժամանակ ավելորդ չենք համարում նշել, որ նմանօրինակ հարցերի վերաբերյալ բազմանշանակ “ենթադրություններ” անելուց առաջ չէր խանգարի պարզապես դիմել տեղեկատվությանը տիրապետող իրավասու մարմին և ստանալ սպառիչ պատասխան: