21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընտրական գործընթացների ավարտից հետո կարելի է առաջընթաց ակնկալել ԼՂ կարգավորման գործընթացում. դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրական գործընթացների ավարտից հետո կարելի է առաջընթաց ակնկալել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Նա նշել է, որ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում եւ համանախագահների միջեւ գոյություն ունի համակարգվածության եւ փոխըմբռնման բարձրագույն մակարդակ:

“Երբեմն գործընթացը շատ բարդ է լինում: Եվ դա միշտ չէ, որ կախված է համանախագահներից: Համանախագահները առաջարկում են մոտեցումներ, փնտրում են ուղիներ եւ հնարավորություններ: Սակայն որոշումը կախված է երկու կողմերից: Համոզված եմ, որ այստեղ էլ, մյուս երկրում էլ, ավարտվել են ընտրական գործընթացները, բանակցությունների առաջխաղացման հնարավորություն կառաջանա: Կարծում եմ, որ դա անհրաժեշտ է, քանի որ հակամարտությունը ծանր բեռ է տարածաշրջանի եւ խանգարում  դրա զարգացմանը”,- ասել է դեսպանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային գործընթացին մասնակցելու հնարավորության մասին, դեսպանն ընդգծել է, որ համանախագահները բազմիցս կարծիք են հայտնել դրա անհրաժեշտության վերաբերյալ: Սակայն կողմերն իրենք կորոշեն, թե երբ է դրա համար հարմար ժամանակը:

Անրի Ռենոն, անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծին, ասել է, որ այն համաձայնեցվում է երկրի Սահմանադրությանը, որպեսզի վիճահարույց կետեր չլինեն: Իսկ թե երբ կընդունվի այն, դեսպանը դժվարանում է ասել, քանի որ դեռ աշխատանքային փուլում է:

“2012-ի հունվարին Ֆրանսիայի Ազգային ժողովը շրջանառության մեջ դրեց Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը: Ստացվեց այնպես, որ օրենքը հայտնվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի օրակարգում: Ուսումնասիրման արդյունքում խորհուրդն անվավեր ճանաչեց օրինագիծը` սահմանադրությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ”,- ասել է դեսպանը` նշելով, որ այնուհետեւ Ֆրանսիայի նախագահը հանձնարել է վերադառնալ այդ հարցին, մշակել նոր օրինագիծ, որտեղ ներկայացված կլինի մերժումը քրեականացնող կետը` հաշվի առնելով սահմանադրության պարտադիր պահանջները:

“Այսօրվա դրությամբ աշխատում են համապատասխանեցման ուղղությամբ: Ես չեմ կարող ստույգ ժամկետների մասին խոսել: Բայց հավաստիացնում եմ, որ ցանկացած նախաձեռնության դրսեւորման դեպքում իրազեկված կլինենք”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ