Կառավարությունը գաղտնալսվո՞ւմ է
Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի քննարկմանը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին հարցրեց, թե ինչու գյուղատնտեսության նախարարությանը հատկացվող 16 միլիոնից 7.5 միլիոնը Կառավարության աշխատակազմի տնօրինության տակ է գտնվում և նրա միջոցով է իրացվում:
՛՛Չե՞ք մտածում, որ ճիշտը այդ գործառույթի փոխանցումն է Գյուղատնտեսության նախարարությանը՛՛,-հարցրեց Մինասյանը:
՛՛Գուղնախարարության ծախսերն այնքան են Կառավարության աշխատակազմի ներքո, որքանով նախատեսված է միջազգային պայմանագրերով, դա գրանտ ուղարկողների պահանջն է՝ կենտրոնացնել: Մենք չէինք կարող այդ գումարներն ստանալ հակառակ դեպքում: Ես չեմ կարող բացատրել, թե ինչու է այդ պահանջը դրվել, բայց դա ամրագրված է միջազգային պայմանագրով՛՛,-բացատրեց Վ. Գաբրիելյանը:
Մինասյանը հարցրեց, թե այդ ինչ գաղտնալսման սարքեր են ձեռքբերվելու 2014 թ-ի բյուջեով: ՛՛Գաղտնալսելո՞ւ եք Կառավարությանը՛՛,-հարցրեց պատգամավորը:
Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ Կառավարության շենքը հիմա էլ տեսագրվում է, սակայն չի ձայնագրվում, և հենց դրա համար են այդ սարքերը: ՛՛Համակարգ է, որն անհրաժեշտ պահին տեսաձայնագրում է՛՛,-պարզաբանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: