«Ելքը» դիմել է Տարոն Մարգարյանին
Երևանի քաղաքապետ
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻՑ |
Հարգելի՛ պարոն Մարգարյան,
2017 թվականի մայիսի 18-ին Ձեր կողմից հայցադիմում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Շահեն Հարությունյանին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Նշված հայցադիմումի առիթ է հանդիսացել առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 16-ից 19-ը հավաքներ անցկացնելը:
Ինչպես հայտնի է, հավաքների առիթ է հանդիսացել Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») մահը, որը հասարակության կողմից ընդունվել է մեծ ափսոսանքով՝ զուգորդվելով հավաք-երթերով, այդ թվում և Շահեն Հարությունյանի մասնակցությամբ: Հավաքները տեղի են ունեցել ինքնաբուխ կերպով, կրել են հրատապ բնույթ և բացակայել է լիազոր մարմնին օրենքով սահմանված ժամկետներում իրազեկելու հնարավորությունը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրադարձությունները տեղի են ունեցել երիտասարդ և հանրությանը որպես ակտիվ քաղաքացի հայտնի Շահեն Հարությունյանի մասնակցությամբ, ելնելով հանրային համերաշխության համընդհանուր սկզբունքներից՝ դիմում ենք Ձեզ հրաժարվելու վարչական դատարան ներկայացրած դիմումից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 50-րդ հոդվածի առաջին մասի բ) ենթակետի հիմքով վարչական վարույթը կարճելու նպատակով: