Վարչապետը խնդրում է խիստ չդատել. պետբյուջեն առաջին անգամ այսպիսինն է
ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին է ներկայացրել 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Լսումներից հետո նախագիծը երեք օր կքննարկվի հանձնաժողովներում, որից հետո կնրկայացվեն առաջարկներ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց բյուջեի նախագիծը՝ նշելով, որ այս տարվա բյուջեի նախագիծն ունի մի առանձնահատկություն. ՛՛Առաջին անգամ ներկայացնում ենք ծրագրային պետական բյուջեի նախագիծ, սա նոր մոտեցում է: Կառավարությունն այսպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ, ինչը բնականաբար լրացուցիչ պարտավորություններ է դնում բոլոր գերատեսչությունների առջև:
Առաջին անգամ է այս մոտեցումով բյուջե ներկայացվում ու խնդրում ենք շատ խիստ չդատել: Մեզ երեք տարի է անհրաժեշտ լինելու ծրագրային բյուջետավորման համակարգ ներդնելու համար՛՛,-ասաց Տ. Սարգսյանը:
Վերջինս շեշտեց, որ կառավարության ուշադրության կենտրոնում է բիզնես միջավայրի բարելավումը: ՛՛Այստեղ ունենք չլուծված խնդիրներ, որոշ ցուցանիշներով՝ նահանջ: Պետք է լինեն մասնավոր ներդրումներ, իսկ դրանց տեսակարար կշռում ՀՆԱ-ն կայուն ձևով նվազում է՛՛: Կառավարությանը մտահոգում է նաև շինարարության ոլորտում ստեղծված վիճակը: ՛՛Շինարարության ոլորտում կայուն նվազում ունենք՛՛,-նշեց վարչապետը:
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա Տ. Սարգսյանը հայտնեց, որ բարձր գնաճային միջավայրն է ազդել բյուջեի տնտեսական աճի վրա, քանի որ մեր երկրում զգալիորեն բարձրացել են գազի և էլեկտրաէներգիայի գները, որոնք ազդեցություն ունեցան խոստացվածից ցածր տնտեսական աճի վրա /ունենք 4 տոկոսանոց աճ՝ նախատեսված 7 տոկոսի փոխարեն-հեղ./:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ արդյունաբերության մեջ աճի տեմպերն են բարձր, մշակվող արդյունաբերությունը ևս բարձր աճի տեմպեր է գրանցել, գյուղատնտեսությունում ևս տնտեսական աճի բարձր ցուցանիշներ են ակնկալվում:
Ելնելով այս հանգամանքներից, Կառավարությունը ևս մեշ շեշտադրում է արել 2014-ի պետական բյուջեում:
՛՛Ներկայացնում ենք պետական բյուջե, որ չի նախատեսում հարկային վարչարարության բեռի ավելացում: Ինչու ենք ընդունել այս քաղաքական որոշումը, քանի որ այս տարի այդ առումով բավականին մեծ ծավալի միջոցառումներ են իրականացվել ու վարչարարությունը խստացվել է՝ բիզնես միջավայրի վրա բացասական ազդեցություն է եղել: Այս քաղաքական որոշումը պետք է հարկային ճնշումները հաջորդ տարի նվազեցնի այս տարվա հետ համեմատ՛՛,-բացատրեց վարչապետը:
2014- բյուջեում հիմնական շեշտադրումները կատարվելու են երեք ոլորտի՝ կրթության, առողջապահության և սոցիալականի վրա:
Վարչապետի խոսքով՝ կառավարությունն աշխատանքային խմբի միջոցով փորձելու է հասկանալ ու լուծել նաև ազատամարտիկների խնդիրները: