Ռուսաստանը պատերա՞զմ է հրահրում
«Ցանկացած երկրի կողմից մեկ այլ երկրին զենքի վաճառքը մաքուր բիզնես է: Եթե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ չի նշանակում, որ պատերազմ է հրահրում, քանի որ վաճառող երկիրը իր ձևով վերահսկում է այդ զենքի կիրառումը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը:
Բեգլարյանը մանրամասնելով նշեց, որ զենքերի մեջ հատուկ չիպեր են դրվում, որի միջոցով էլ վերահսկվում է դրանց կիրառումը:
«Ռուսաստանը այդքան միամիտ չէ, որ որևէ երկրի չհաշվարկած քանակի զենք վաճառի, քանի որ այդ զենքը կարող է շուռ գալ իր դեմ: Նկատեմ, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է և նա իրավունք չունի զենք վաճառել այն պետությանը, որը դա օգտագործելու է իր դաշնակցի դեմ»,-ասաց Սամվել Բեգլարյանը հավելելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան այն երկրներն են, որոնք ունեն փող և կարողանում են քծնել:
«Նրանք կարող են ցանկացած երկրից ավելի մատչելի գնով ձեռք բերել այդ զենքը, այդ դեպքում դրա քանակության մասին չենք կարող իմանալ: Այդ պատճառով էլ ընդգծում եմ, որ Ռուսատանը Ադրբեջանին զենք վաճառելով բիզնես է անում: Նա կարողանում է իր բռի մեջ պահել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,-նշեց Սամվել Բեգլարյանը:
Բեգլարյանը Ռուսաստանի այս քայլը հակահայկական չի համարում: