Ո՞ւմ էր ձեռնտու ”հոկտեմբերի 27-ը” /վիդեո/
”Ում էր ձեռնտու. հասարակությունն արդեն իր գնահատականը տվել է: Բոլոր նրանց, ովքեր Վազգենից հետո հագուրդ տվեցին իրենց նյութապաշտական, մարդկային, ամբիցիոզ հակումներին, բոլոր նրանց բախտը բերեց, եթե չասեմ ձեռնտու էր:
Դրա հետևանք է նաև այսօրվա Հայաստանը՝ իր անսահման ճոխությամբ ու անսահման աղքատությամբ՛՛,-այսօր ՀՀՇ-ի հիմնադիր համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին` ում էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը:
՛՛Ինչ վերաբերում է դրա բացահայտմանը, արդարադատությունը նրա համար է, որ հասարակությանը համոզի, որ այս խնդրում մեղավորը այ սա է, իսկ տուժողը սա, տվյալ պարագայում հասարակությունն առանց արդարադատության իր եզրահանգումներն արել է՝ ով էր մեղավոր և ում էր ձեռնտու:
Դրա մեղավորը ոչ թե մենք ենք՝ տուժող կողմը, որ կասկածներ ունի, այլ արդարադատություն իրականացնող մարմինը, որը կախված էր ու կախված է գործադիր իշխանությունից, որ դատավարությունը վարեց իր ուզած ուղղությամբ՝ արագացնելով, դանդաղեցնելով, դատավորին հիվանդացնելով, վկաների հիմնական մասին չհարցաքննելով, փաստաբանների առաջարկություններ չմերժելով, սրանից հասարակությունը հետևություն արեց՛՛,-հավելեց Սարգսյանը:
Դիտարկմանը, թե Արամ Սարգսյանին մեղադրեցին, որ ընդունեց վարչապետի պաշտոնը, նա արձագանքեց. ”Այդ պարագայում, երբ բոլորը բոլորին կասկածում էին, պարզ չէր` ինչ էր եղել երկրում:
Երկրի կառավարությունից սկսած մարդիկ էին զոհվել, երկիրն անվստահության մեջ էր, մերժել եղբորդ ընկերներին` տվյալ ժամանակներում գործող իշխանության առաջարկը, էլ ով պիտի գար, ասեր թե այս խնդրում ով է մեղավոր”:
Արամ Սարգսյանի խոսքով` այն ժամանակ պարզ չէր, թե ով էր այդ դեպքի պատվիրատուն: ”Դատական գործընթացները բերեցին հիմնավորմանը, որ գործող իշխանությունները ամեն ինչ արեցին, որ մինիմումը ”հոկտեմբերի 27-”ը չբացահայտվի, և դա էր պատճառը, որ ես վարչապետ եղած ժամանակ ընդդիմադիր էի գործող նախագահին, և արդյունքը եղավ այն, որ ինձ աշխատանքից ազատեցին: Իրականությունը սա է”:
Հարցին, թե ինչու անուններ չի հրապարակում, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ անուններ տալուց չի վախենում:
Շարունակությունը` տեսանյութում: