11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում /ֆոտո/

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի:

Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» ընկերությունից, որը գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից է Հայաստանում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է արտադրական հզորություններին և ապրանքատեսականուն, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու զարգացման ծրագրերին: Շուրջ 6000 քմ արտադրական տարածք և մինչև 1000 քմ օժանդակ կառույցներ զբաղեցնող «Լենտեքս» ՍՊԸ-ն հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանանց և մանկական գուլպեղեն, ինչպես նաև տրիկոտաժեղեն: Ձեռնարկությունն ունի ավելի քան 300 աշխատակից, շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ ՀՀ դրամը: Արտադրանքն իրացվում է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Վարչապետը կարևորել է «Լենտեքս» ՍՊԸ գործունեությունը և կառավարության անունից ընկերության զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Հաջորդիվ Կարեն Կարապետյանը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ այստեղ իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ՝ Շիրակացի փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում։ Ամբողջովին ավարտված են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, կատարվել է հետլիցք, որոշ հատվածներում փողոցը խճապատվել ու բետոնապատվել է: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերի վերանորոգման աշխատանքներ: Փողոցի վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացնում է «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:

Վարչապետը նաև շրջայց է կատարել Գյումրու «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունների, Գյումրու պետական բժշկական քոլեջի տարածքում: Կարեն Կարապետյանը եղել է «Տավրոս» կոշիկի գործարանի ֆիրմային խանութում, և, ծանոթանալով ապրանքատեսականուն, ողջունել է տեղական արտադրության զարգացմանը միտված նախաձեռնությունները:

Լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով այցի արդյունքները, վարչապետը դրական է գնահատել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում կատարվող շինարարական աշխատանքները՝ նշելով. «Սեպտեմբերին ավարտում ենք այս փողոցի շինարարությունը: Կարծում եմ՝ օրինակելի, նոր ենթակառուցվածքներով՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, կապ, փողոց ենք կառուցում և փողոցային շինարարության նոր մշակույթ ենք ներդնում»: Ինչ վերաբերում է վերոնշյալ ընկերություններում շրջայցին, կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ դիտայցի նպատակն էր ուսումնասիրել նշված տարածքները պետական գերատեսչությունները ավելի ռացիոնալ տեղաբաշխելու և ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար:

Shiraki marz2 Shiraki marz3 Shiraki marz4 Shiraki marz5 Shiraki marz6 Shiraki marz10 Shiraki marz9 Shiraki marz8 Shiraki marz7

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ