Ծառուկյանին ցույց տվեցին իր տեղը

“Փաստինֆո”-ն ներկայացնում է վերջերս մեծ աղմուկ բարձրացրած ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյան-ԱԱԽ քարտուղար, վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Բաղդասարյանի վեճի իրավական հիմքերին:
“Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե”-ի և “Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիա”-ի միջև ծագած կոնֆլիկտին այսօր արձագանքել է նաև արդարատատության նախարարությունը: Նախարարությունն իրավական տեսակետից մեկնաբանել է վերջին օրերին Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ծագած վիճաանության բաղկացուցիչ 3 հիմնական հարցերը.
Իրավասո՞ւ է արդյոք ՀԱՕԿ-ն իր կազմից հեռացնելու ՀՎՖ-ին, արդյո՞ք ՀՎՖ-ն պարտավոր է իր նախագահի թեկնածությունը համաձայնեցնել ՀԱՕԿ-ի հետ և արդյո՞ք ՀԱՕԿ-ին անդամակցելը պարտադիր նախապայման է միջազգային համապատասխան ֆեդերացիային անդամակցելու և միջազգային մրցույթներին մասնակցելու համար:
Վկայակոչելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասը` նախարարությունը մեկնաբանում է. “անկախ նրանից, որ ՀՎՖ-ն մտնում է ՀԱՕԿ-ի կազմի մեջ, վերջինը իրավասու չէ միջամտել ՀՎՖ-ի բնականոն գործունեությանը, նշանակել ֆեդերացիայի նախագահին կամ այլ պաշտոնատար անձանց”:
Միաժամանակ, պարզաբանման մեջ բերվում են նաև ՀԱՕԿ-ի կանոնադրության և Օլիմպիական խարտիայի համապատասխան կետերից և հոդվածներից մեջբերումներ, որոնց պահանջները վկայակոչելով, ՀՀ Արդարադատության նախարարությունը եզրակացնում է.
“Այսպիսով, ոչ թե ՀԱՕԿ-ի անդամությունն է նախապայման համապատասխան միջազգային ֆեդերացիային անդամակցելու համար, այլ հակառակը՝ կազմակերպությունը ինքնաբերաբար դառնում է ՀԱՕԿ-ի անդամ, երբ ճանաչվում է համապատասխան միջազգային ֆեդերացիայի կողմից: Ավելին, համապատասխան միջազգային ֆեդերացիայի անդամ ազգային ֆեդերացիան Օլիմպիական Խարտիայի և ՀԱՕԿ կանոնադրության ուժով համարվում է ՀԱՕԿ անդամ”: