«Սերժ Սարգսյանը վերջնականապես հաստատեց՝ չի բացառում, որ 2018-ից հետո կդառնա վարչապետ»
«Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞»,- «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե 2018թ-ին հավանակություն կա արդյոք, որ վարչապետ դառնա:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Այս պատասխանով Սերժ Սարգսյանը վերջնականապես հաստատեց՝ չի բացառում, որ 2018-ի ապրիլից ինքը կդառնա երկրի թիվ մեկ դեմքը, այսինքն՝ վարչապետը՝ հարազատ ՀՀԿ-ի կողմից ընտրվելով: Սերժ Սարգսյանը բավական ակտիվորեն նախապատրաստվում է դրան: Ուժային բլոկը գլխավորողները նշանակվել են հենց Սերժ Սարգսյանի կողմից: Խոսքս Վիգեն Սարգսյանի, Վովա Գասպարյանի, ՀՀ ԱԱԾ պետ, Գեորգի Կուտոյանի և այլոց մասին է: Նրանք բոլորը Սերժ Սարգսյանի կադերերն են»:
Քաղաքագետը շեշտեց՝ Սերժ Սարգսյանը վերոնշյալ անձանց, կարելի է ասել, վստահում է անվերապահորեն:
«Ուժային բլոկը այս պահի դրությամբ Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ է՝ ֆորսմաժորային իրավիճակներում իշխանությունն իր ձեռքում պահելու համար: Այնպես որ, Սերժ Սարգսյանը վերջնականապես հաստատեց՝ չի բացառում, որ 2018-ից հետո կդառնա վարչապետ: Դա հենց նրա պատասխանից է երևում», – եզրափակեց քաղաքագետը: