Վիրահայությունը ու՞մ օգտին կքվեարկի
ԱԺ պատգամավոր, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Վրաստանի առաջիկա նախագահական ընտրությունների և վիրահայոց դիրքորոշման մասին:
Շիրակ Թորոսյանը տեղեկացրեց, որ Վրաստանի նախագահական ընտրություններին մասնակցում են 23 թեկնածուներ, որոնցից հայկական շրջանակների հետ շփվում են միայն 4-ը:Սակայն այս չորս թեկնածուները նույնպես իրենց խոստումների մեջ ժուժկալ են եղել.” Եղել են խոստումներ հիմնականում սոցիալ տնտեսական բնույթի, այն խոստումները որոնք վերաբերվում էին ազգային փոքրամասնությունների լեզվին,կրթական ցենզին, հոգևոր ոլորտին և մնացած արժեքներին հիմնականում համարյա չեն շոշափվել”:
Թորոսյանը նկատեց, որ գրեթե բոլոր թեկնածուները նշել են, որ պիտի հարգվի և բոլոր ազգային փոքրամասնությունները պետք է տիրապետեն վրացերեն լեզվին.”Բնականաբար այս թեզը ընդունելի է նաև ազգային փոքրամասնությունների կողմից, այդ թվում նաև հայության կողմից: Վրացերենին տիրապետելով տեղի հայությունը կկարողանա ավելի լիարժեք ինտեգրվել վրաստանի հանրությանը, պետական և հասարակական կառույցներին և ավելի լայն հնարավորություններ կունենա մասնակցելու Վրաստանի կառավարմանը”,-ասաց Շիրակ Թորոսյանը:
Պատգամավորը նշեց նաև, որ նախագահի թեկնածուները երբեմն ոչ հստակ, երբեմն մակերեսային ու աղոտ նշել են, որ Վրաստանը պետք է ազգային փոքրամասնությունների ազգային ինքնությունը հարգի: Այս տեսակետից պիտի շրջանառվում են լուրեր, թե թեկնածուներից ոչ մեկը վրացահայերի համար ֆավորիտ չի: Սակայն այնուամենայնիվ վրացահայերը կկարողանան ճիշտ կողմնորոշվել:
“Դատելով Միխայիլ Սահակաշվիլու վարած քաղաքականությունից՝ ազգային փոքրամասնությունների հետ կապված ես կարծում եմ, որ հայությունը շահագրգռված չէ քվեարկել այս թեկնածուի օգտին: Ես բազմիցս նշել եմ, որ Սահակաշվիլիի կառավարման տարիներին վրացահայության նկատմամբ տարվել է հայահալած քաղաքականություն”:
Շիրակ Թորոսյանի կարծիքով հայությունը ավելի հակված է քվեարկել Բիձինա Իվանաշվիլու գլխավորած “Վրացական երազանք” կոալիցիայի թեկնածոիյին՝ Վրաստանում ներկայիս կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլիի օգտին: