Ես թշնամիներ չունեմ. Տիգրան Սարգսյանը՝ օֆշորային սկանդալից
՛՛Այն օֆշորային սկանդալի հետ կապված պատմությունից մաքրվելու ձեր ջանքերն ուր են հասել՛՛,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին նման հարց ՀՀ վարչապետին ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
՛՛Ես սպառիչ պատասխան տվել եմ՝ այն է, որ ամենաշահագրգիռ անձը, որ այդ խնդիրն ամբողջությամբ բացահայտվի, ես եմ, ես որևէ մեկին չեմ հորդորել իմ անունից օֆշորային գոտում գրանցել ընկերություն՛՛,-պատասխանեց Տիգրան Սարգսյանը:
Նա հավելեց, որ Կիպրոսում ձեռնարկություն յուրաքանչյուրի անունից կարող է գրանցվել, ինչի մասին բոլորին է հայտնի: ՛՛Քաղաքական գործիչներին վարկաբեկելուգործիքները բազմազան են, ու կարելի է մշտապես հանրության ուշադրությունը պահել դրա վրա: Նպատակը մեկն է վարկաբեկել գործող վարչապետին՛՛:
Լևոն Զուրաբյանն արձագանքեց, թե իրենց նապատակը ոչ թե Տիգրան Սարգսյանին վարկաբեկելն է, այլ մեր պետության անունը մաքրելը: Ապա Զուրաբյանը հարցրեց, թե ինչու է Կառավարության որոշմամբ դիզվառելիք ձեռքբերելու նպատակով հատկացված սուբսիդիան պարբերաբար տրվել Բարսեղ Բեգլարյանին պատկանող Ֆլեշ ընկերությանը: ՛՛Կլինի՞ մի օր, որ դա շահի ձեր թշնամին՛՛,-հարցրեց Զուրաբյանը:
՛՛Ես թշնամիներ չունեմ, ուզում եմ ձեզ հանգստացնել, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մտածում եք մեր երկրի հեղինակության մասին: Ես ներկայացրել եմ փաստեր, որոնք ստուգված են և հրապարակվել են նաև՛՛,-եզրափակեց Տիգրան Սարգսյանը :
Ինչ վերաբերում է ՀԱԿ պատգամավորի երկրորդ հարցին, ապա վարչապետն ասաց, թե նայելով պետբյուջեի գնումների գործընթացը և հաշվետվությունները, ցանկը, թե ովքեր են մրցույթների մասնակցում և հաղթում, կարելի է ասել, որ դրանց 99 տոկոսը իր մերձավոր բարեկամներն են, ընկերներն են. ՛՛Որովհետև ես ի պաշտոնե շփվում եմ բոլոր ձեռնարկատերերի հետ: Տասնյակ մարդկանց հետ ես շփվում եմ և կարելի է ասել, որ նա հաղթել է, որովհետև վարչապետի մերձավորն է: Սա օբյեկտիվ, ճիշտ գնատական չէ: Ես հարգում եմ Բարսեղ Բեգլարյանին, բայց ձեր նշած տնտեսական շահեր բացակայում են՝ չկան այդպիսիք՛՛: