Զարուհին մեղադրում է Զուրաբյանին

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին զարմացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի պահվածքն այսօր առավոտյան ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած հանդիպմանը: Նշենք, որ որոշվել է, որ ՛՛Ժառանգությունը՛՛ ներկայացված չի լինելու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում:
՛՛Այս խորհրդակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժեըը սպասարկում են ավտորիտար ռեժիմին: Սա ուղղակի վերջին ապացույցների շարքին է դասվում:
ԵԽԽՎ կազմում ընդգրկված է ութ հոգի, որոնցից պաշտոնապես միայն երեքն են իշխանության ներկայացուցիչներ, մնացածը ընդդիմությունից են: Եթե իշխանությունը իր ներկայացուցչին հարց չուներ տալու, բա ընդդիմադիրները չունե՞ին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Փոստանջյանը` անդրադառնալով ԵԽԽՎ վերջին նստաշրջանում հայկական պատվիրակության անդամների օրակարգին:
Դիտարկմանը, թե Լևոն Զուրաբյանը պնդում է, որ ինքը գրանցվել էր հարց տալու, սակայն իր հերթը չի հասել, Փոստանջյանն արձագանքեց. ՛՛Ընդդիմադիրներից միայն ես հարց ունեի: Եվ այն հիմնավորումները, թե հերթը չի հասել և այլն, այդպես չէ:
ԵԽԽՎ-ն այն ամբիոնն է, որտեղ բազմակարծության սկզբունքը ամենահարգվածն է: Եթե հերթը իսկապես չի հասել կամ մտավախություն կա, որ հերթը կարող է չհասնել, կարող ես դիմել այն խմբակցության ղեկավարին, որին դու վեհաժողովում անդամակցում ես և հանդես գալ խմբակցության անունից: Եթե անգամ վերջում ես հերթագրվել, կրկին կարող ես դիմել քո քաղաքական ուժին, որին այնտեղ խմբակցում ես, և քեզ կտրամադրվեն խմբակցության անունից ձայն հնչեցնելու իրավունք, հատկապես, եթե դու ընդդիմությունից ես:
Բրասելը, ով Զուրաբյանի խմբի ղեկավարն է, բավական ժողովրդավար տիկին է, և եթե նա ցանկություն ունենար հարց հնչեցնել, նրա ցանկությունը իրականություն կարող էր դառնալ՛՛:
Փոստանջյանը հավատաստիացրեց, որ ԵԽԽՎ կազմում ընդգրկված թե ընդդիմադիրները, թե իշխանության ներկայացուցիչները մինչև Ստրասբուրգ մեկնելը նախօրոք ՛՛պայմանավորվածություն՛՛ են ձեռքբերել, որպեսզի հարց չտան նախագահ Սերժ Սարգսյանին:
՛՛Այս պայմանավորվածության շրջանակներում էլ ես հիմա հայտնվել եմ նման իրավիճակում, որ Հովիկ Աբրահամյանը նախաձեռնում է հեռացնել ՛՛Ժառանգությանը՛՛ և ընդդիմադիր ներկայացուցիչներն էլ կողմ են լինում դրան: Շատ եմ ցավում, բայց սա իրականություն է՛՛,- եզրափակեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության նորընտիր ղեկավարը: