“Եվրոպական դատարանից հետո կդիմեմ ՄԱԿ.նաեւ Հաագայի դատարան”. հկ նախագահ

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ “Քաշաթաղ” հկ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը անդրադարձել է 1915թ. Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը Եվրոպական դատարանում բողոքարկման հարցին: Վերջինը Եվրոպական դատարան դիմել է 2012 թվականի տարեվերջին:
“Իրազեկման տեսքով երկրի ղեկավարությանը տեղեկացված է եղել, ինձ երկու անգամ զանգել են նախագահի աշխատակազմից, ես էլ ասել եմ դա հեռախոսազրույցի բան չի՝ հրավիրեք, ես փաստեր կներկայացնեմ: Ինձ նորից զանգեցին, ասելով, թե ձեզ ի՞նչ է պետք ցեղասպանության հետ կապված՝ ասեք, տանք: Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին, որին դիմել էի, ապա, նրանք պահանջել են ինձնից նյութեր, սակայն հետո Հայ դատը փախավ: Իրականում Դաշնակցությունը ոչ մի հարցով էլ չի զբաղվում: Ցանկացած համակարգ, նաեւ կուսակցությունները, պիտի աջակցեին իրեն այս հարցի հետ կապված, ինչը չարեցին”,- ասել է Ռ. Սիմոնյանը:
Բանախոսի խոսքով` այդ հսկայական փաթեթը ինքը մաս-մաս ներկայացրել է նաեւ պետական համակարգերին, դատախազություն, ազգային անվտանգություն, դատարաններ, բայց բոլորն ասել են, թե դա իրենց լիազորությունների մեջ չի մտնում:
Ռ. Սիմոնյանը նշել է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Նրա խոսքով` Հայաստանը պաշտոնապես չի ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը:
“Դրա համար էր Հայաստանը իրավունք չունի հանդես գալ պահանջատիրության դիրքերից”,- ասել է Ռոբերտ Սիմոնյանը:
Վերջինս նշել է, որ 1988թ Գերագույն խորհուրդը Ցեղասպանությունը դատապարտելու որոշում ընդունեց, որն այդպես էլ օրենքի ուժ չստացավ: Բանախոսը նշել է նաեւ, որ Եվրոպական դատարանը նախ իրավունք չունի մերժելու իր հայցը, իսկ մերժման դեպքում կհամարի այն “կեղծ համակարգ” եւ դա կնշանակի, որ Եվրոպական դատարան գոյություն չունի:
“Եվրոպական դատարանից հետո կդիմեմ ՄԱԿ ԱԽ-ը, նաեւ Հաագայի դատարան”,-ասել է Ռ. Սիմոնյանը: