Նախարարներն ավելի բարձր աշխատավարձ կստանան, քան պատգամավորները. Հովիկ Աբրահամյանը կասկածում է

Ազգային ժողովում այսօր քննարկվում է ՛՛Պետական պաշտոնյաների աշխատավարձերի՛՛ մասին օրենքի նախագիծը: Զեկուցող Վաչե Գաբրիելյանին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ինչով է պայմանվորված, որ նոր համակարգով նախարարներն ավելի շատ աշխատավարձ պետք է ստանան, քան պատգամավորները։ ՛՛Ինչ գումարի է մասին է խոսքը, եթե այդ գործակիցը նախարարի և պատգամավորի հավասարեցվեր իրար՛՛,-հարցրեց ԱԺ նախագահը։
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը պարզաբանեց, որ ըստ մշակված համակարգի՝ տարբերությունը կլինի 132 հազար դրամ։ ՛՛Եթե մենք նայում ենք այն գործակիցները, որոնք դրված են, այդ գործակիցները նախարարի համար 12 են, իսկ պատգամավորի համար՝ 10։
Հիմքը նվազագույն անվանական աշխատավարձն է։ Անվանական նվազագույն աշխատավարձը 2014թ-ին նախատեսվում է բարձրացնել 66 հազար դրամի, այսինքն՝ տարբերությունը 132 հազար դրամ է լինելու՛՛,-պատասխանեց Գաբրիելյանը։
ԱԺ նախագահի համար այդքան էլ հստակ չէր պատասխանը. ՛՛Ըստ գործակցի, պատգամավորինը 10 է, նախարարինը՝ 12, այդ դեպքում չեմ հասկանում՝ այդ երկու միավորը 132 հազար դրամի է հավասա՞ր՛՛: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պատասխանն զարմացրեց ԱԺ նախագահին՝ ՛՛Դա տարեկա՞ն կտրվածքով՛՛։
՛՛Ոչ՝ ամսական՛՛,- Գաբրիելյանի պատասխանին Հովիկ Աբրահամյանն արձագանքեց անվստահությամբ. ՛՛Չնայած ես մի քիչ կասկածում եմ, բայց…՛՛: