«Եթե դու անաչառ լինեիր, հիմա ձեռքդ կխփեիր սեղանին և գործը կկարճեիր»
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը: Նիստը բավականին լարված ընթացք ունի: Դեռ դատարանի դահլիճ չեն բերվել ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը:
Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը կրկին դուրս եկավ ափերից և դատավորից պահանջեց դահլիճ բերել ընկերներին:
«Եթե դու անաչառ լինեիր, հիմա ձեռքդ կխփեիր սեղանին և գործը կկարճեիր»,-ասաց Պավլիկ Մանուկյանը:
Դատավորը արձագանքեց. «Դրա ժամանակն էլ կգա»:
Դատարանը կրկին մեկ ու կես ժամով ընդմիջում հայտարարեց:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին դատարանի խցում ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:
Հարձակման ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:
Իսկ արդեն հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին: