՛՛Ժառանգությունը՛՛, որպես աղճատված խմբակցություն, անելիք չունի ԵԽԽՎ-ում

՛՛Որոշումը կկայացնի ԱԺ նախագահը, բայց միտումն այնպիսին է, որ բավարարի խմբակցություններին, պատվիրակների ընտրության հետ կապ չունի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը, որտեղ քննարկվել է տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ազգային պատվիրակությունների ձևավորման նոր կարգը:
Սահակյանի խոսքով՝ նոր կանոնակարգը նպատակ ունի որոշ տեխնիկական հարցեր փոփոխել, ինչը “քաղաքական ենթատեքստ չունի”:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմին, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՕԵԿ-ը, որ ընդգրկված չէ պատվիրակության կազմում, վաղուց պետք է ընդգրկվեր և հիմա պետք է որ հենց ՕԵԿ ներկայացուցիչն ընդրկգվի: ՛՛Իմ տեսակետն այն է, որ ՛՛Ժառանգությունը՛՛ որպես աղճատված խմբակցություն որևէ անելիք չունի նման բարձր կազմակերպության կազմում՛՛,-նկատեց Սահակյանը:
Սահակյանի համար անակնկալ էր ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության արդեն նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանի հրաժարականը խմբակցության ղեկավարի պաշտոնից: “՛Ժառանգության” հետ կապված որևէ խնդիր ինձ համար անակնկալ լինել չի կարող, որովհետև իրենց շատ գործողություններ տարերայնորեն են ընթանում, և կառուցվածքի տեսակետից, և ընդգրկված պատգամավորների՝ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունում, և կուսակցությունում, առավել ևս Երևանի ավագանիում, յուրաքանչյուրն իր երգն է երգում, այսինքն՝ միահամուռ, միակերպ մտածողություն քաղաքական հայացքների տեսակետից դեռևս որդեգրած չունեն՛՛:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ խմբակցության ղեկավարի փոփոխությունից ՛՛Ժառանգության՛՛ դիրքորոշումը, հայացքները չեն փոխվի: ՛՛Չեմ կարծում, որ որևէ բան կփոխվի, որովհետև ըստ էության քաղաքական դաշտում սեթևեթելով, առանց արդյունքներ ձևակերպելու թիմը առաջ գնալ չի կարող՛՛:
Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունում միշտ էլ այսպես է եղել. ՛՛Նախորդ խմբակցությունում էլ անընդհատ խմբակցության ղեկավար էր փոխվում, քարտուղար էր փոխվում”: