Զարուհի՞ն է Ռուբեն Հակոբյանի հրաժարականի պատճառը /վիդեո/
ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունում որևէ մեկը տեղյակ չի եղել խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի որոշումից հրաժարվել ղեկավարել խմբակցությունը: Նշենք, որ մամուլում այս մասին լուրեր են տարածվել, իսկ Ռուբեն Հակոբյանը հաստատել է այդ լուրերը՝ չնշելով պատճառները:
Այս պահին Ազգային ժողովում է ՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ եկել է պարզելու, թե ինչ է կատարվում խմբակցությունում:
Ապա ժամանեց Զարուհի Փոստանջյանը: Հարցին՝ ինչ է կատարվում խմբակցությունում, ՛՛ոչինչ էլ չի կատարվում՛՛ ասաց: Թևան Պողոսյանից ևս հետաքրքրվեցինք, թե ինչու է Ռուբեն Հակոբյանը նման որոշում ընդունել, հարցը մնաց անպատասխան:
Ռուբեն Հակոբյանն այդպես էլ չհայտնվեց խմբակցությունում և Մարտիրոսյանն ու խմբակցության երկու պատգամավորները կարճատև քննարկում անցկացրին, որից հետո Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե պետք է խոսի Հակոբյանի հետ, ապա կասի պատճառները:
Նրա հետ զրույցի մանրամասները տեսանյութում՝:
Նշենք, որ խմբակցություն էր եկել նաև ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը, ով նշեց, որ Հակոբյանն իր դասընկերն է եղել, եկել է տեսնելու, թե ինչպես է նա:
Հավելենք, որ քիչ առաջ Ռուբեն Հակոբյանը մտավ ԱԺ նիստերի դահլիճ, և նրանից պարզաբանումներ դեռևս չի հաջողվել ստանալ:
Հ.Գ. Մինչ ՛՛Ժառանգությունում՛՛ քննարկում են ՛՛կեղտոտ սպիտակեղենը՛՛ դրսում փռել չփռելու հարցը, նկատենք, որ նախօրեին տեղեկություն եղավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է ՛՛Ժառանգության՛՛ նախագահի լիազորությունները հանձնել Զարուհի Փոստանջյանին: Գուցե հենց սա է Ռուբեն Հակոբյանի ինքնակամ ՛՛խաղից դուրս գալու՛՛ պատճառը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Ռուբեն Հակոբյանի վրա ճնշում է գործադրվել, թե ինչու վերջինս չի պաշտպանել Զարուհի Փոստանջյանին ստրասբուրգյան հայտնի իրադարձությունների ժամանակ: