Եվ անզգամը իր սրտում ասաց, թե` Աստվա՛ծ չկա
Եվ անզգամը իր սրտում ասաց, թե` Աստվա՛ծ չկա. անօրենությամբ ապականվեցի՛ն նրանք ամենքն էլ. մե՛կն էլ չմնաց, որ քաղցրություն ցուցաբերի մեզ: Տերը երկնքից նայեց տեսնելու՝ մարդկանց որդկանց մեջ կա՞ մի իմաստուն, որ Աստծուն խնդրի: Միասին ամե՛նքն էլ խոտորվեցին և միասին էլ անպիտանացա՛ն: Քաղցրություն գործող մե՛կը չմնաց՝ ո՛չ իսկ մեկ հոգի: Եվ նրանք, ովքեր անօրենության գործեր են անում՝ չե՛ն ճանաչում Քեզ: Որպես հացն ուտեն՝ նրանք ուտո՛ւմ են Իմ ժողովրդին, աղոթք չուղղեցին Տիրոջը, որով թե՝ ապաշխարե՛ն: Այդ բանի համար պիտի դողդողա՛ն, վախենա՛ն այնտեղ, ուր ամենևին վա՛խ- երկյուղ չկա, որովհետև որ՝ Տիրոջի՛ց է լոկ ծագումն ունենում ժողովուրդն արդար: Խորհուրդն աղքատի ամո՛թ կոչեցին, երբ հույսը նրա Տե՛րն էր ամենայն: Եվ փրկությունը Իսրայելի Սիոն բարձունքից ո՞վ պիտի բերի: Երբ գերությունից Տերն ետ դարձնի Իր ժողովրդին, այդժամ պիտ ցնծա՛ Հակոբն իր սրտում և ուրախանա՛ Իսրայելը ողջ:
Սաղմոս 13
Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի