30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարդան Մինասյանը չի գլխավորի ազգային հավաքականը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը: 

“Ես այսօր հանդիպում եմ ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկել ենք Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ: ՀՖՖ նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, բայց ես հրաժարվել եմ առաջարկից,  իհարկե իմ խորին շնորհակալությունը հայտնելով ՀՖՖ նախագահին վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ կլիներ կրկին ստանձնել ազգային հավաքականի ղեկը, բայց ես այս պահին գերադասում եմ իմ կարիերայի այլ շարունակություն: Կան մի շարք առաջարկներ, մասնավորապես արտերկրից, եւ ես ուզում եմ քննարկել այդ առաջարկները”,-ասել է Վարդան Մինասյանը: 

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է ս.թ. հոկտեմբերի 31-ին: 

Օգտվելով առիթից Վարդան Մինասյանը շնորհակալություն է հայտնել ՀՖՖ նախագահին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին, ՀՖՖ աշխատակազմին: 

“Ուզում եմ օգտվելով  առիթից իմ շնորհակալությունը հայտնել նախ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով անցած չորս տարիներին ինձ վստահեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները: Յուրաքանչյուր մարզչի համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզիչ լինելը: Ես նույնպես ինձ համար մեծ պատիվ եմ համարել: Ավելի մեծ զգացողություն՝ ներկայացնել երկիրը, պետությունը, կանգնել քո պատվին հնչող պետական հիմնի հնչյունների ներքո, իմ կարծիքով չկա, եւ ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ազգային հավաքականի հետ ունեցել եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեր ֆուտբոլի երկրպագուներին: Ես միշտ զգացել եմ նրանց աջակցությունը, նույնիսկ այն պահերին, երբ անխնա քննադատել են ինձ: Վստահ եմ, որ նրանք միշտ կմնան մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեդիայի ներկայացուցիչներին: Ես միշտ անկեղծ եմ եղել նրանց հետ, միշտ ասել եմ այն, ինչ մտածում եմ, միշտ բաց եմ եղել եւ այսուհետ եւս կմնամ մեդիայի բարեկամը, անկախ իմ նկատմամբ նրանց վերաբերմունքից: Եվ ամենակարեւորը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին: Ինձ համար մեծ հաճույք է եղել նրանց հետ աշխատելը, թե որպես ֆուտբոլիստների, թե որպես մարդկային լավ բնավորություններով օժտված մարդկանց:  Նրանց հետ ենք հաղթահարել մեր առջեւ դրված բարդությունները, նրանց հետ ենք անցել մի ճանապարհ, որը կարծում եմ օգտակար է եղել: Նրանք մեծ ներուժ ունեն, պրոֆեսիոնալ են իրենց մոտեցումներում եւ վստահ եմ, որ դեռ շատ բարձրունքներ են նվաճելու: Ես մեծ ձեռքբերում եմ համարում, որ ձեւավորել ենք եւ ունենք միասնական, համերաշխ, միմյանց նկատմամբ հարգանքով թիմ: Հուսով եմ, նաեւ ինչ որ բան ես եմ տվել նրանց այս չորս տարիների ընթացքում”,-ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Վարդան Մինասյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ