Գարեգին Բ-ն Քրեակատարողական վարչության պետի հետ քննարկել է ազատազրկվածների հարցը
Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին՝ ուղեկցությամբ Քրեակատարողական հիմնարկների հովվության պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վիճակին եւ վարչության գործունեությանը, քննարկվեցին նաեւ հիմնարկներում իրականացվող հոգեւոր սպասավորության հետ առնչված հարցեր:
Նորին Սրբությունը կարեւորեց քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների հոգեւոր խնամքը` ընդգծելով, որ ստեղծված հովվությունն այդ առումով պատասխանատու առաքելություն ունի: Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց Ռուբեն վարդապետին եւ հովվության 10 հոգեւոր սպասավորներին` նրանց նվիրյալ եւ հետեւողական աշխատանքի համար: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր գնահատանքը հայտնեց ՔԿՀ վարչության պետին` հովվությանը ցուցաբերվող աջակցության համար:
Իր հերթին Արթուր Օսիկյանն ազատազրկվածների հոգեւոր կյանքի կազմակերպման առումով կարեւոր նկատեց հոգեւորականների դերակատարությունը` փաստելով նրանց պարբերական այցելությունների դրական ներգործությունը: Այս առիթով ՔԿՀ վարչության պետը նաեւ շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ոլորտի խնդիրների նկատմամբ դրսեւորվող մշտական ուշադրության համար:
Զրույցի ժամանակ քննարկվեցին Մայր Աթոռի եւ ՔԿՀ վարչության միջեւ համագործակցության առավել զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները: