Մեկնարկել է համաժողովը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/1_tntesakan_ham_1382172342.jpg)
Երեւանի պետական համալսարանում աշխատանքներն է սկսել Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, հայտնի տնտեսագետներ, ուսանողներ:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ տարետացրի այս համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, ընդլայնվում մասնակիցների շրջանակները: Կառավարության ղեկավարի խոսքով՝ նման համաժողովները պետք է նպաստեն տնտեսագիտական մտքի զարգացմանը, երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնեն տնտեսագիտական հետազոտությունների նկատմամբ:
“Մենք պարտավոր ենք Երեւանի պետական համալսարանում ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի մարդիկ մոտիվացվեն՝ հետազոտություններով զբաղվելու համար: Ամենայն ուշադրությամբ պետք է հետեւենք այդ հետազոտություններին եւ հնարավորինս օգտագործենք այն հիմնական գաղափարները, որ Հայկական տնտեսագիտական միությունը կներկայացնի մեզ”,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ ժամանակակից ճգնաժամային աշխարհը լրացուցիչ բարդություններ է ստեղծել տնտեսագետների համար, միեւնույն ժամանակ վերջիններիս աշխատանքը դարձրել հետաքրքիր: «Եթե հետեւենք Նոբելյան մրցանակներին, որոնք տրվում են տնտեսագիտության ոլորտում, կտեսնենք այն արդիական թեմաները, որոնք հետաքրքրւմ են տնտեսագետներին: Ակնհայտ է, որ բազմաթիվ օրինաչափություններ, որ դասական տնտեսագիտությունը մեզ տալիս էր, շատ հաճախ չեն դրսեւորվում: Դրանք փոխարինվում են այլ օրինաչափություններով, միաժամանակ ստիպելով տնտեսագետներին սերտորեն համագործակցել այլ մասնագիտությունների՝ սոցոլոգիայի, հոգեբանության մասնագետների հետ: Այդ ամենը ստիպում է մեզ ընդլայնել ուսումնասիրությունների շրջանակները»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետի դիտարկմամբ՝ այսօր հետադարձ հայացք գցելով վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում դրսեւորված սոցիալտնտեսական, ֆինանսական բավականին բարդ գործընթացների վրա, փորձ է արվում հասկանալ, թե ինչ նոր մարտահրավերների առջեւ կարող ենք կանգնել: “Իհարկե, այդ տեսակետից միջազգային համադրումները, անցումային երկրներում դրսեւորվող օրինաչափությունների ուսումնասիրությունները մեզ օգնում են ավելի ճիշտ հասկանալ մեր առանձնահատկությունները եւ օրինաչափությունները, որոնք այսօր առկա են մեր տնտեսական համակարգում”,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ եւս մեկ անգամ հավաստիացնելով, որ կառավարությունն ուշադրությամբ հետեւելու է համաժողովի ընթացքում ծավալվելիք քննարկումներին:
Եռօրյա համաժողովին առաջին զեկուցմամբ հանդես է եկել աշխարհում ժամանակակից տաս լավագույն տնտեսագետներից մեկի համարումն ունեցող պոլսահայ Տարոն Աջեմօղլուն: