29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սահմանափակում գործող նախագահ Բակո Սահակյանը չունի. Է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կիսում տեսակետը, թե եթե Արցախի նախագահ Բակո Սահակյանը համաձայնի մինչև 2020 թվականը մնալ նախագահի պաշտոնում, ապա սա լուրջ հարված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարությանը։ «Իհարկե չեմ կիսում այդ մտահոգությունները և տեղյակ էլ չեմ, թե այդ մտահոգություններն ում մոտ են, միգուցե մասնավոր կարծիք է, մասնավոր մտահոգություններն են։ Արցախի Հանրապետությունն անկախ ժողովրդավարական պետություն է, ունի իր Սահմանադրությունը, և այդ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ընտրել Ազգային ժողովին մինչև 20 թիվը հանրապետության նախագահ, և սահմանափակում գործող նախագահ Բակո Սահակյանը չունի, որևէ մեկի պաշտպանության կարիք առավել ևս չունի»,-«Ազատության» հետ զրույցում ասել է նա։

«Ես կոռեկտ չեմ համարում, լինելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, գնահատականներ հնչեցնել, բայց որպես մի մարդ, որը շահագրգռված է Արցախում կայունության, Արցախում ունենալ ազգային, պետական առաջնորդ, դա, եթե ինձ հարցնեք, դա շատ լավ և նորմալ որոշում է։ Իրավական առումով որևէ խնդիր ես այստեղ չեմ տեսնում։ Սահմանադրությունը հնարավորություն տալիս է պարոն Սահակյանին վերընտրվելու պառլամենտի կողմից, և կան պառլամենտական ուժեր, որոնք առաջարկում են պարոն Սահակյանին՝ վերընտրվել Արցախի Հանրապետության նախագահ, դա Արցախի, տվյալ դեպքում, խորհրդարանում ընդգրկված պատգամավորների խնդիրն է»,-հավելել է նա։

Հարցին, թե արդյոք խնդիր չի՞ տեսնում, որ տասը տարուց ավել նույն անձը Սահմանադրությունը փոփոխելով շարունակի մնալ նախագահի պաշտոնում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ո՛չ, խնդիր չեմ տեսնում, Սահմանադրությունն այդ հնարավորությունը տալիս է։ Ավելին՝ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը [ԱՄՆ 32-րդ նախագահ] 1932-ից 45 թվականն է եղել՝ չորս անգամ ընտրվել է նախագահ, ու այդ ժամանակաշրջանում որևէ մեկը չէր կարող մեղադրել, որ Միացյալ Նահանգները ժողովրդավարական խնդիր ունի։ Ինչ վերաբերում է պարոն Սահակյանի անձին, ես կասեի, որ շատ ու շատ երկրներ կերազեին ունենալ Բակո Սահակյանի նման ազգային, պետական առաջնորդ։

Հիշեցնենք, որ մոտ 3 շաբաթից ԼՂ խորհրդարանն ընտրելու է անցումային շրջանի նախագահին: Փետրվարի 20-ին անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում Ղարաբաղում հաստատվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգ: Նոր Սահմանադրությամբ՝ առաջիկա երեք տարիներին՝ մինչև 2020 թվականը, Ղարաբաղը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով: Այդ փուլում կպաշտոնավարի խորհրդարանի կողմից ընտրված նախագահ:

Լեռնային Ղարաբաղի «Ազատ Հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհուրդը միաձայն որոշել է նախագահի թեկնածու առաջադրել գործող նախագահ Բակո Սահակյանին: 

Թեկնածությանը սատարում են իշխող կոալիցիայի մաս կազմող «Արցախի ժողովրդավարական կուսակցությունն» ու Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ