Սևանա լճում պաշտոնապես բացվել է 2017 թվականի լողաշրջանը
Հուլիսի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հարակից հանրային թիվ 1 լողափում տեղի է ունեցել Սևանա լճում լողաշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների պատասխանատուներ, ՀՀ քաղաքացիներ: Միջոցառման մշակութային մասն ապահովել էին Սևան քաղաքի մշակույթի տան ստեղծագործական խմբերի սաները:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկաներին շնորհավորել է լողաշրջանի բացման կապակցությամբ և մաղթել ակտիվ և անվտանգ հանգիստ: «Սևանը լինելով համաժողովրդական սեփականություն և ազգային հարստություն` պետք է հավասարապես հասանելի լինի մեր յուրաքանչյուր քաղաքացուն: Այս նպատակով էլ ՀՀ Նախագահի հանձնարարականով 2011 թվականից մեկնարկեց Սևանա լճի ափերձ տարածքներում հանրային լողափերի ձևավորման աշխատանքները, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա անվճար հանգստանալ Սևանա լճի լողափերում: Առանձնահատուկ կարևորում եմ նաև ՀՀ վարչապետի վերջին հանձնարարականները` Սևանի զարգացման ծրագրերն առաջ մղելու ուղղությամբ: Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ Սևանն, իր էկոլոգիական հավասարակշռությանը համապատասխան, դառնա տարածաշրջանում գրավչություն ունեցող, ժամանակակակից, կայուն զարգացմանը համապատասխանող վայր»,- նշել է Ա. Մինասյանը և կոչ արել բոլորին մասնակցել այդ գործընթացին: Տեղեկացնելով, որ այդ նպատակների համար ակնկալվում են խոշոր ներդրումներ` բնապահպանության նախարարը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունն անելու է առավելագույնը, որպեսզի Սևանում իրականացվող որևէ գործողություն չվնասի լճի էկոհամակարգին, ապահովվի բնապահպանական, սոցիալական և տնտեսական շահերի համադրում և քաղաքացիների հանգստի կազմակերպումը լինի լիարժեք:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ նպատակադրված են ՀՀ բնապահպանության նախարարության հետ հետևողականորեն ավելացնել հանրային լողափերի թիվը:
Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանն էլ իր ելույթում քաղաքացիներին հորդորել է ամառային տապից պաշտպանվել Սևանի լողափերում:
Հանդիսավոր բացման արարողությունը շարունակվել է ավանդական երգ ու պարով:
ՀՀ բնապահպանության նախարարը շրջայց է կատարել Սևանա լճի առափնյա հատվածներում, ծանոթացել Ծովագյուղ համայնքին հարակից ամենամեծ` թիվ 8 հանրային լողափի /9 հեկտար տարածք/ ստեղծման նախագծային աշխատանքներին: Արծվիկ Մինասյանը եղել է նաև թույլատրելի նիշից ներքև կառուցված և ներկայում Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ եղած շինություններին և ենթակառուցվածքներին գտնվելու վայրերում, տեղերում քննարկել խնդիրները և տվել համապատասխան ցուցումներ ՀՀ բնապահպանության նախարարության և «Սևան» ազգային պարկի պատասխանատուների:
Տեղեկանք
Համաձայն ՀՀ Կառավարության 28.04.2011թ.-ի N 527-Ն, 07.06.2012թ.-ի N 752-Ն և 01.10.2015թ.-ի N 1122-Ն որոշումների՝ «Սևան» ազգային պարկի տարածքում ստեղծվել է 8/ութ/ հանրային լողափ, ընդհանուր 28.16 հա մակերեսով, որից.
N 1 հանրային լողափ – 1.39 հա (Սևան համայնք)
N 2 հանրային լողափ – 1.82 հա (Սևան համայնք)
N 3 հանրային լողափ – 5.5 հա (Սևան համայնք)
N 4 հանրային լողափ – 5.0 հա (Դրախտիկ համայնք)
N 5 հանրային լողափ – 1.37 հա (Լճաշեն համայնք)
N 6 հանրային լողափ – 3.3 հա (Ծովազարդ համայնք)
N 7 հանրային լողափ – 0.78 հա (Նորատուս համայնք)
N 8 հանրային լողափ – 9.0 հա (Ծովագյուղ համայնք)
8 հանրային լողափերից կահավորված են N1, N2 և N3-ը, N8-ի համար կազմվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով դեռ չի կահավորվել, իսկ մնացած 4-ը՝ ընհանրապես կահավորված չեն և նախատեսված են կարճատև հանգստի համար:
N1, N2 և N3 հանրային լողափերը կահավորված են լողափնյա հանգստի բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ տապչաններ, հովանոցներ, սանհանգույցներ, խաղահրապարակներ, ավտոկայանտեղիներ, հանդերձարաններ, նստարաններ, բուժկետեր, փրկարարական կետեր:
Հանրային լողափերում տարեկան հանգստանում է միջինը 250-ից 300 հազար մարդ: