«Մարդը պիտի հասկանա, որ սա «դեդավշինա» չէ»
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է ՝ մեր երկրում ավագ դպրոցները ոչ թե բարեփոխումների, այլև հեղափոխական փոփոխությունների կարիք ունեն։
Այս մասին պատգամավորը նշեց 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
«Այդ դպրոցները պիտի չլինեն, դրանք պիտի վերափոխենք, որտովհետև դրանք ծառայում են դպրոցի տնօրեններին: Ծնողները տարվա կտրվածքով նրանց փող են տալիս, որպեսզի երեխան դպրոց չհաճախի ու գիտելիքի բացը, որը ավագ դպորցում չի ստանում, լրացնի կրկնուսույցի օգնությամբ։
Մարդը, 50 տեղ աշխատելով, խախտում է օրենքը՝ անցնելով 65 տարեկանի սահմանը, երբ սահմանված է, որ պետք է թոշակի լիներ: Նայեք, մեր բուհերում 70-85 տարեկան մարդիկ են, ովքեր ըստ օրենքի՝ իրավունք չունեն զբաղվել գործունեությամբ, բայց 10 տեղ աշխատում են: Մարդը պիտի հասկանա, որ «դեդավշինա» չէ․ ազատ ոճի պրոֆեսոր չէ, որ երբ ուզի գնա, երբ ուզի գա», – նշեց Զոհրաբյանը։
ԿԳ նախարարն իր հերթին շեշտեց՝ հանրապետությունում 103 ավագ դպրոց կա, և, իսկապես, շատ խնդիրներ կան այս ոլորտում։
«Շրջաբերականով երկու բան եմ խնդրել ու պահանջել ռեկտորներից: Առաջինը, որ ամբիոնի վարիչի աշխատանքը դիտարկեն ոչ միայն գիտական, այլև՝ վարչական աշխատանք: Եթե մարդը լիարժեք ծանրաբեռնված է աշխատանքով, ինքը ձեռքի հետ ամբիոն վարիչ չպիտի աշխատի, որովհետև ամբիոնի վարիչը մեր համալսարանական համակարգի անկյունաքարային դերերից է: Եթե մարդն արդեն 8-ժամյա զբաղվածություն ունի, կարող է դասախոսել, բայց ամբիոնի վարիչ չի կարող լինեն: Երկրորդը՝ խնդիրը պրոռեկտորների շքերթը կրճատելն է: 4000 ուսանող ունեցող բուհը չպետք է 5 պրոռեկտոր ունենա», – նշեց նախարարը։