«Ազատ հայրենիք» կուսակցությունը կսատարի Բակո Սահակյանին
«Ազատ հայրենիք» կուսակցությունը հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարում կքննարկի նախագահական գալիք ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածության սատարման հարցը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է խորհրդարանական ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
«Այսօր տեղի է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի՝ կենտրոնական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարի օրակարգի հարցերը: Հաստատված օրակարգի համաձայն՝ համագումարում հաշվետվությամբ հանդես կգա կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, ապա տեղի կունենան կուսակցության նոր նախագահի և ղեկավար մարմինների ընտրություններ»,- ասել է Թովմասյանը:
Անդրադառնալով առաջիկայում կայանալիք հանրապետության նախագահի ընտրություններին՝ Թովմասյանը նշել է, որ քանի որ սահմանադրական փոփոխություններից հետո հուլիսին Խորհրդարանի կողմից անցումային շրջանի համար պետք է նախագահ ընտրվի, համագումարի պատվիրակները պետք է լիազորեն խորհրդարանի պատգամավորներին, թե ում թեկնածությունը սատարեն նախագահի ընտրության ժամանակ:
«Այսօր կայացած խորհրդի նիստում քննարկված առանցքային հարցերից մեկը եղել է առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված կուսակցության դիրքորոշման հարցը: Արդյունքում, որոշում է կայացվել հուլիսի 5-ին կայանալիք կուսակցության 6-րդ համագումարի քննարկմանը դնել Բակո Սահակի Սահակյանի թեկնածությունը սատարելու հարցը»,- նշել է Ա. Թովմասյանը:
«Շուրջ մեկ տասնամյակ մենք շատ ակտիվ աշխատել ենք նախագահ Բակո Սահակյանի հետ՝ որպես կուսակցություն կրելով մեծ պատասխանատվություն մեր երկրի առաջընթացի ու զարգացման համար: Կարծում եմ՝ մեզ հաջողվել է լուրջ առաջընթաց գրանցել հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում, հաղթահարել 2016թ.-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի դժվարությունները և մեծ մասամբ կյանքի կոչել նախագահի նախընտրական ծրագրի դրույթները: Բակո Սահակյանի հետ մինչև 2020թ.-ը, համոզված եմ, կկարողանանք ավարտել բոլոր այն ծրագրերը, որոնց իրագործումը մեզ չի հաջողվել այս ընթացքում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներով», – ընդգծել է Թովմասյանը: