Մենք պարտավոր ենք լինել ամենակազմակերպվածը. ոստիկանապետ
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական, “Հայք” հաստատության տնօրեն, “Հայ իրազեկում” հաղորդաշարի հեղինակ եւ վարող Բաբկեն Վարդանյանի հետ: Հանդիպման թեման էր՝ “Հայ ազգային գաղափարախոսություն՝ ճանաչում, ընդունում եւ կիրառում”:
Դիմելով հանդիպման մասնակիցներին՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ “Մենք պարտավոր ենք լինել ամենակազմակերպվածը, որովհետեւ մենք կանգնած ենք քաղաքացու կողքին, արդարության կողքին”: Նշելով, որ մեր ազգային գաղափարախոսությունը հիմնված է հավատքի վրա, Բաբկեն Վարդանյանն ընդգծեց՝ պետք է մարդու մեջ բարձրանա ներքին որակը, հոգեւոր որակը, բարոյական որակը, ինչն իր հերթին կտանի համապատասխան կենցաղավարության:
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ հայ ազգի, Հայաստանի եւ հայոց պետության բոլոր խնդիրների արագ ու ամբողջական լուծման միակ ճանապարհը քրիստոնեական կյանքով ապրելն է, իսկ դրա համար անհրաժեշտ է ազգային վերածնունդ, հայրենիքի վերակերտում եւ պետականության ամրապնդում՝ Աստծո հավատքով, դրանից բխող եւ դրա վրա հիմնված ազգային գաղափարախոսությամբ ու բարոյականությամբ: Մեր նախնիները տվել են մեզ արժանավոր ապրելու, հարատեւելու բանալին. դա հավատքն է՝ այս գաղափարն էր հանդիպման առանցքը: