Նախագահն Ադրբեջանի պատվիրակին “մանթրաժի” մեջ գցեց, Փոստանջյանը հանեց “մանթրաժից”. Մ. Մինասյան
“Նախագահի որոշումը բխում է մեր պետականության շահերից, եւ ավելի կարեւոր բան, քան ազգային անվտանգությունն է, լինել չի կարող: Հատկապես այն պարագայում, երբ գտնվում ենք “ոխերիմ հարեւանների” շրջապատում”,- այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով նախագահի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, ասաց ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նա նշեց, որ իր կարծիքով` Վիլնյուսյան համաժողովին, թեեւ որոշակի վերապահումներով, բայց փաստաթուղթ կընդունվի:
Իսկ Մաքսային միություն մտնելըը Հայաստանին թույլ կտա առավել ակտիվ օգտվել ռուսական շուկայից, որտեղ նաեւ ՄՄ անդամ այլ երկրներ կան: Ըստ նրա՝ դա հայկական շուկան առավել մրցունակ կդարձնի:
Խոսելով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի` նախագահին հնչեցրած հարցից, Մկրտիչ Մինասյանն ասաց, որ մենք ինքերս մեզ եւ “Ժառանգության” գործընկերներին պետք է հարց տանք, թե ում ջրաղացին էինք ջուր լցնում եւ որ պահին:
“Այդ հարցից առաջ մեր նախագահի կողմից Ադրբեջանի պատվիրակության նախագահին հստակ պատասխան տրվեց եւ ասվեց, որ եթե դժգոհում եք քսան տոկոսից, հնարավոր է հետագայում դժգոհեք նաև 25-30 տոկոսի կորստից: Ադրբեջանի պատվիրակությունն այդ պատասխանից հետո “մանթրաժի” մեջ էր, սակայն Զարուհի Փոստանջյանը նրանց այդ “մանթրաժից” հանեց եւ հարց է, թե ինչի համար, ում համար եւ ում դուր գալու համար”,- ասաց Մ. Մինասյանը: