Դատավճիռն անհիմն է. Գևորգ Սաֆարյանը պահանջում է
Վերաքննիչ դատարանում այսօր՝ հունիսի 29-ին շարունակվում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Գևորգ Սաֆարյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
Դատական նիստի ժամանակ Գևորգ Սաֆարյանը նշեց, որ առաջին ատյանի կայացրած դատարանի դատավճիռն ակնհայտ անհիմն է. «Գտնում եմ, որ դատավճիռն ակնհայտ անհիմն է, դատավճռում նշված մի շարք հանգամանքներ չեն համապատասխանում դատաքննության ընթացքում բացահայտված հանգամանքների հետ:Դատավճռում նշված է, որ ոստիկան Գեղամ Խաչատրյանը հաղորդման մեջ գրել է, որ Գևորգ Սաֆարյանը չի ենթարկվել իր օրինական պահանջին: Սակայն, տեսանյութում առկա է, որ նման պահանջ չի ներկայացվել: Այդ հարցը դատարանում տվեցինք նաև Գեղամ Խաչատրյանին: Վերջինս ասաց, որ ինքն ինձ որևէ պահանջ չի ներկայացրել: Դատարանն անտեսեց դա և հղում կատարեց նախաքննության ընթացքում սխալ տեղեկության վրա»,-փաստեց Գևորգ Սաֆարյանը:
Սաֆարյանը նշեց, որ Ազատության հրապարակում բազմաթիվ տեսախցիկներ են եղել, որոնց վերաբերյալ դատարանում բազմաթիվ ապացույցներ են ներկայացվել, սակայն քննիչն անտեսել է այդ հանգամանքը:
Հիշեցնենք , որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր «Տոնածառի գործով» ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգիրք 316 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:
Ըստ մեղադրանքի, Գևորգ Սաֆարյանը բռնություն էր գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: