Տղամարդը տղամարդուն բռնաբարել կարո՞ղ է. ինչ է կատարվում բանակում
”Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության” ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն այսօր լրագրողներին պատմեց, որ ճնշումներ են եղել Հովհաննես Իշխանյանի նկատմամբ՝ իր ”Ուվալնյատի օրը” բանակի վերաբերյալ գրքի համար: Ալեքսանյանի խոսքով`Իշխանյանին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից անհիմն հարցաքննության են կանչել:
Քննարկմանը ներկա Ռազմական ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մնացականյանն ասաց, որ Հովհաննես Իշխանյանի գիրքը բանակին վարկաբեկում է: ”Գրքում նկարագրվել են դեպքեր, որոնք բանակում չկան: Բանակում ինչպե՞ս կարող է տեղի ունենալ այն, ինչ ինքը նկարագրել է”,-ասաց նա` հավելելով. ”Տղամարդը տղամարդուն բռնաբարել կարո՞ղ է”:
Մնացականյանը հավաստիացրեց, որ Հովհաննես Իշխանյանին հրավիրել են, ճշտելու համար` բանակում ծեծի դեպքեր իրեն հայտնի են, թե ոչ: ”Նրա նկատմամբ հետապնդում չի եղել, եղել է կանչ”:
”Իրավունքի և ազատության” կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը կարծում է, որ այս գիրքն ընդհանրապես չպիտի հրապարակվեր: ”Ցանկացած մարդ կարող է գրել գիրք. ՀՀ-ում ցենզուրա չկա, եթե նա իր գրքում չի հրապարակել պետական գաղտնիք, ես Հովհաննեսին ճանաչում եմ մանկուց, բայց չի կարելի գրել նման բաներ:
Մեր բանակում կա ինչ-որ խնդիր, որոնցից մի դեպքը այդ միջազգային զեկույցներում տեղ է գտել: Բայց պետք է ընդհանուր դիտել: Եթե իրավապաշտպանները խոսում են Հայաստանի, բանակի թերություններից, չի նշանակում, որ նրանց դեմ պետք է պայքարել: Չի կարելի աչքերը փակել և ասել՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է, բանակում զինվորներին չեն ծեծում: Բանակում զինվորներին ծեծում են: Իմ երեխան շուտով գնալու է բանակ: Նա անպայման գնալու է”,-եզրափակեց Հարությունյանը: