Henaran.am-ի հրապարակման հետքերով գնացած Ալեքսանյանին ճնշել են
”Amnesty International” իրավապաշտպան կազմակերպության հրապարակած ”Հայաստան. փոփոխությունների համար տեղ չկա” զեկույցն այսօր կազմակերպված քննարկմանը Լոնդոնից ուղիղ տեսազանգով ներկայացրեց Եվրոպայի և կենտրոնական Ասիայի ծրագրի հարավկովկասյան հատվածի հետազոտող Թուրալ Ահմեդզադեն: Զեկույցն անդրադառնում է Հայաստանում խոսքի ազատության չարաշահումներին, բանակում արձանագրված դեպքերի մասին ուսումնասիրողների նկատմամբ ճնշումներին:
”Հայաստանի կառավարությանը կոչ ենք արել պաշտպանել բոլորի ազատ խոսքի իրավունքը, այդ թվում նրանց, ովքեր քննադատում են իշխանություններին և արտահայտում կարծիքներ, որոնք չեն համընկնում ընդհանուր ընդունված կարծիքին”,-ասաց Ահմեդզադեն:
Նրա խոսքով` Հայաստանում այսօր քաղաքացիական հասարակությունը դեռ սպառնալիքի տակ է, հարձակումները քաղաքացիական հասարակության և քաղաքական ակտիվիստների վրա շարունակվում են, իսկ իշխանությունների կողմից սահմանափակվում է ազատ խոսքի իրավունքը հատկապես բանակում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
Նա նշեց, որ ”Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության” ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանից ՊՆ քննչական ծառայությունը և զինդատախազությունը պահանջել են դադարեցնել բանակում չարաշահումների մասին հետաքննությունները: Քննարկմանը ներկա Ալեքսանյանը պատմեց, որ խոսքը Henaran.am-ի հրապարակման մասին է, որտեղ պատմվում էր ”Եղնիկներ” զորամասում առողջության պատճառով հետագա զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված Ժորա Մկրտչյանի մասին: Ըստ Ալեքսանյանի` ինքը գնացել է այդ հրապարակման հետքերով, և Ռազմական ոստիկանությունը հարցաքննության է կանչել առանց նախօրոք տեղեկացման:
ՀՀ ՊՆ քնչական ծառայության պետի տեղակալ Հայկ Գրիգորյանը, սակայն, նշեց, որ հարցաքննության են կանչում բոլորին, ովքեր ինչ տեղեկություն ունեն կատարված միջադեպի մասին: