07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր երեխաները գիտնական դառնալու ցանկություն պիտի ունենան. ՀՀ նախագահ /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է ներկաներին ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ եւ գիտության ու կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի եւ ակնառու ծառայությունների համար ՀՀ ԳԱԱ մի խումբ անդամների պարգեւատրել ՀՀ պետական բարձր պարգեւներով՝ շքանշանով, մեդալներով, շնորհել նաեւ պատվավոր կոչումներ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը
ՀՀ ԳԱԱ 70-ամյակի առթիվ

Վեհափա՛ռ Տեր,
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հարգելի՛ անդամներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Շնորհավորում եմ ձեզ Ակադեմիայի հիմնադրման 70-րդ տարեդարձի կապակցությամբ: 1935 թվականին ՍՍՌՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի ստեղծմամբ իսկապես նոր եւ փայլուն էջ բացվեց հայոց գիտության զարգացման պատմության մեջ: Դա սկիզբն էր մեծ ճանապարհի, որով պիտի անցնեին տաղանդաշատ գիտնականների սերունդներ: Ոչ միայն անցնեին, այլ նաեւ փառքով պսակեին իրենց եւ իրենց ծնող ժողովրդի անունը:

Հայաստանի առաջավոր գիտությունը մեծապես նպաստել է մեր երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը՝ խորհրդային Հայաստանը դասելով հզոր գիտաարտադրական ներուժ ունեցող երկրների շարքին: Ակադեմիան ձեւավորել է հասարակական եւ ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչ մտավորականների մի հսկայական բանակ, որն իր հերթին բարեփոխել է մի ողջ ժողովրդի հոգեկերտվածք:

Խորհրդային միության փլուզումը եւ անցման շրջանը ծանր էր բոլորի, այդ թվում եւ մեր գիտական համակարգի համար: Ունեցանք անխուսափելի կորուստներ: Սա նույնպես փաստ է, որքան էլ ցավալի է խոստովանելը: Այսօր մեր կարեւորագույն խնդիրն է արդիականացնել գիտության ենթակառուցվածքները: Ներկա աշխարհում առաջին հերթին հենց գիտության նվաճումների արդյունքում է, որ կտրուկ արագացել են բոլոր, նույնիսկ քաղաքական գործընթացները: Սա նշանակում է, որ մենք չպետք է դանդաղենք գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների անցկացման ճանապարհին:

Խիստ կարեւոր եմ համարում, որ բարեփոխումներն իսկապես լինեն բարեփոխումներ նաեւ գիտաշխատողների սոցիալական խնդիրների լուծման առումով: Մենք պետք է կարողանանք թույլ չտալ, որ ոլորտի փոփոխություններն ու արդիականացումը հանգեցնեն գիտաշխատողների սոցիալական վիճակի վատթարացմանը: Ճիշտ հակառակը: Համոզված եմ, որ մեր հասարակության մեջ պետք է վերականգնվի ոչ միայն գիտնականի սոցիալական բարձր կարգավիճակը, այլեւ նրա բարի համբավն ու բարձր հեղինակությունը: Սա պարտադիր պայման է աճող սերնդի խրախուսման հարցում: Մեր երեխաները պետք է ցանկություն ունենան դառնալու գիտնական:

Հարգելի՛ ներկաներ,

Բնական է, որ ժամանակն իր հետ նոր հնարավորություններ է բերում: Ես խոսում եմ միջազգային գիտական համագործակցության մեծացող հնարավորությունների մասին: Նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկրների գիտությունը անհնար է պատկերացնել առանց միջազգային համագործակցության: Ներկա աշխարհում դա պարզապես անհնար է: Մենք առավել եւս պետք է շահագրգիռ լինենք եւ կտրուկ ընդլայնենք մեր գիտական միջազգային համագործակցությունը: Եթե մենք հպարտորեն արձանագրում ենք, որ խորհրդային համագործակցության համատեքստում կարողացել ենք լուրջ նվաճումներ արձանագրել, ապա նույնը պետք է փորձենք անել արդեն ներկայիս բազմակողմանի համագործակցության համատեքստում:

Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման հեռանկարներն իմ կարծիքով հենց այդ համագործակցության ծիրում են: Այլ հեռանկար մենք չունենք: Բայց ասվածը չի նշանակում, թե իբր մեր գիտական հանրությունը չունի կամ չի կարող ունենալ ներքին պատվիրատու: Այս իմաստով, ես կարեւոր եմ համարում Ակադեմիայի գիտական կառույցների եւ անհատ գիտնականների համագործակցությունը տնտեսության եւ մասնավորապես արտադրության ներկայացուցիչների հետ:

Սիրելի՛ գիտնականներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ հոբելյանի առթիվ: 70 տարում ձեր նախորդները եւ դուք կատարել եք անհավանական մեծ աշխատանք, որ, իմ խորին համոզմամբ, պետք է կոչել գիտական սխրանք: Մաղթում եմ ձեզ, որ դուք արժանիորեն շարունակեք Գիտությունների ազգային ակադեմիայի փառավոր ավանդույթները, հարստացնեք դրանք ձեր նոր ձեռքբերումներով ու փորձով, պատրաստեք եւ ձեւավորեք հայ գիտնականների նոր սերունդներ՝ ի փառս մեր երկրի եւ Հայաստանի գիտության:

Շնորհակալություն:
 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ