27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աստված առատատաձեռն է, միայն պետք է խնդրել Նրանից

ՀԻՍՈՒՍԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Ճշմարտությունը երկրից բուսավ, արդարությունը երկնքից երևաց» (Սաղմ․ 84։12)

Այս խոսքը ես վերցրել եմ Սաղմոսաց գրքի 84-րդ գլխի 12 համարից։

Երկու կարևոր մտածումներ կան Սաղմոսերգուի մտքում՝ ճշմարտություն և արդարություն։

ա․ «Ճշմարտությունը երկրից բուսավ»։ «Ի՞նչ ճշմարտության մասին է խոսում Սաղմոսերգուն, մարդկայի՞ն, երկրայի՞ն, թե՞՝ երկնային»։

Ճշմարտությունը երկրից բուսավ, այն ճշմարտությունը, որով Տերը խոստացել էր, սերմնահատիկի նման թաքնված էր հողի տակ, ժամանակը հասավ, երբ այդ ճշմարտությունը սերմնահատիկի պես աճեց, այս պարագային Հիսուսի միջոցով, որովհետև Նա պիտի ասեր․ «Ես եմ ճանապարհը, ճշմար-տությունը և կյանքը»։

Ուրեմն Ճշմարտությունը հենց Ինքը մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսն էր։ Իսկ մինչ Հիսուսի գալը երկրի վրա ճշմարտություն կա՞ր։ Իհարկե կար։ Բայց նրա հիմքը շատ թույլ էր, փոփոխական, կապված մարդկանց քմահաճույքից, երբ իրենց հարմար էր, կարող էին նույնիսկ բռնի ուժով ճշմարտությունը խեղաթյուրել հոգուտ իրենց եսի։ Այդպիսին էր Պիղատոսը, երբ Հիսուսին հարցրեց․՝ «Թե որ այդպես է, ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուս նրան պա-տասխանեց․ «Դու ես ասում, որ ես թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել եմ և դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձանը լսում է»։

Պիղատոսը Նրան հարցրեց․ «Ի՞նչ է ճշմարտությունը», սակայն չսպասեց Հիսուսի պատասխանին և իր դատավճիռը կայացրեց։ Հիսուսին հանդիպելով նա հասկացավ, բայց քաջությունը չունեցավ այն ստանալու։ Այս էր մարդկային ճշմարտությունը։ «Ես եմ ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը», պատգամում է Հիսուս, քանի որ Ինքն էր հոգեկան ու իմացական այն լույսը, որի միջոցով միայն կարող ենք հասկանալ կյանքի իմաստը և տիեզերքի գաղտնիքները։ Նրա ճշմարտությունը հավիտենական է և անփոփոխ, այն մի ուժ է, որն ազատագրում է մարդուն իր մեղքերից ու մոլություններից։ Նա հիմնովին փոխում է մարդու մտածելակերպը; «Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա․ Տիմ․ 2։4),- ասում է Պողոս Առաքյալը։

Ճշմարտությունը գտնելը բավական չէ, այլ կարևորը այն պահելն է։

Պատմվում է, թե մի քանդակագործ ցանկացել է ճշմարտությունը արտահայտել մի կնոջ արձանի կերպարանքով։ Նա քաշվում է իր արվեստանոցում ու հակառակ ցուրտ եղանակին, օր ու գիշեր անընդհատ աշխատում է նյութի միջոցով ճշմարտությունը վեր հանելու համար։ Արվեստագետը երկար ժամանակ տքնաջան աշխատելուց և արձանը վերջացնելուց հետո, կարողանում է ցույց տալ ճշմարտությունը, սակայն նոր պատրաստված արձանը թաց լինելու պատճառով, ենթակա էր ճեղքվելու։

Այն վտանգից զերծ պահելու մտահոգությամբ, քանդակագործը մերկանում է ու իր հագուստներով ծածկում այն՝ տաք պահելու համար։ Հաջորդ օրը նրա բարեկամները գալիս են, տեսնում և հիանում են ճշմարտության արձանի գեղեցկությամբ, սակայն երբ այն քանդակողին ուզում են տեսնել ու շնորհավորել, ցրտից սառած են գտնում նրա մարմինը։ Քանդակագործը ցրտամահ էր եղել իր մտահղացած ճշմարտությունը պահպա-նելու համար։

Հիսուս Ինքն էլ ճշմարտության ու մեր մեղքերի փրկության համար Իր երիտասարդ կյանքը զոհեց։

բ․ «Արդարությունը երկնքից երևաց»։ Այո, պետք է ասենք, որ Աստծու արդարությունն է, որ երկնքից երևաց, այսինքն, միայն Աստծու կողմից տրված արդարությունն է ճշմարիտ արդարությունը, մարդկային արդարությունը հիմք չունի և փոփոխական է։ Աստծու արդարությունը ուրիշ բան չի, եթե ոչ Նրա պատրաստած փրկության ծրագիրը, որը մարդկանց արդարացելն էր, այդ էլ երկնքից պիտի երևար։ Որով Աստծու նախախնամությամբ և Նրա կողմից տրված արդարությունը իր լրումը պիտի գտներ Հիսուս Քրիստոսի միջոցով։

«Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ. 5:6),- ասում է Հիսուս։

Մի կտոր հացն ու մի բաժակ ջուրը որոշ չափով կկշտացնեն մարդու ստամոքսը, բայց ոչ հոգին։ Հոգին կշտացնելու համար անհրաժեշտ է արդարությունը։ Աստված առատատաձեռն է, միայն պետք է խնդրել Նրանից։

Ըստ մեր Տիրոջ արդարությունը երկնքի բանալին է։ Նա ասում է․ «Եթե Ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիները, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ․ 5։20)։ Երկնքի արքայությունը հոգու վերջնական կայանն ու վիճակն է, ուր կյանքը հավիտենական երջանկություն և երանություն է։

Հիսուս Իր գալուստով և Իր վարդապետությամբ շեշտել էր արդարության կարևորությունը․ «Նախ խնդրեցեք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ․6։33)։

Նա իբրև Արդարության Արեգակ և Ճշմարտության Լույս, իջավ երկնքից ու մարդկանց ցույց տվեց դրանց ճանապարհը՝ Իր օրինակով։

Ուրեմն, եկեք չմերժենք Հիսուսին և մեր բարիքի ու հաջողությանց համար հետևենք Նրան, Նրա արդարությանն ու ճշմարտությանը և Սաղմոսերգուի հետ աղոթենք ու խնդրենք․ «Առաքիր, (ուղարկիր) Տեր, քո լույսն ու ճշմարտությունը, որ ինձ առաջնորդեն և հասցնեն քո սուրբ լեռն ու օթևանը։ Ես կմոտենամ Աստծու սեղանին․․․» (Սաղմ․ 42։3-4)։ Ամեն։

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ