Փաշինյանի՝ «պեռաշկու» անեկդոտն ու վարչապետը
«Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու Կառավարության՝ 2017-2022 թվականների ծրագրին: Այս մասին խորհրդարանում իր ելույթում հայտարարեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Պատճառն առաջին հերթին այն է, որ այս ծրագիրը ՀՀԿ-ի ու նախագահ Սերժ Սարգսյանի ծրագիրն է, իսկ եթե Կառավարության կամ վարչապետ Կարապետյանինը լիներ, ինչպես ինքը Փաշինյանը նշեց, իիրենց խմբակցությունը մտածելու տեղ կունենար:
Նախքան այս որոշման մասին հայտնելը Փաշինյանը հարցրեց, թե ինչ իմացանք Կառավարության ծրագրի քննարկումներից, ապա պատասխանեց. «Իմացանք, որ ծրագրի տերն ու պատասխանուն ոչ թե Կառավարությունն է՝ ի դեմս վարչապետի, այլ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն կուսակցական ղեկավարի գլխավորությամբ»:
Նա նկատեց, որ իրենց անընդհատ հարցնում են, թե ինչու են դեմ քվեարկում նման ծրագրին, մի՞թե դեմ են, որ աշխատավարձերը բարձրանան, գործազրկությունն իջնի և այլն: Փաշինյանն ասաց, որ արդեն մի քանի անգամ լսել է, թե ինչպես են ՀՀԿ-ականները ասել՝ մենք դատապարտված ենք իրականացնել այս ծրագիրը, սակայն այդպես էլ ոչ մի էական կետ և ոչ մի ծրագիր չեն իրականացրել: Նա թվարկեց, թե ինչեր են նախանշված եղել 2012-2017 թվականների ծրագրում, ապա նկատեց՝ ոչ մի կետ չի իրականացվել: Օրինակ՝ միջին աշխատանքային թոշակի մակարդակի բարձրացում է նախատեսված եղել, ըստ այդ ծրագրի՝ պիտի լիներ 52.122 դրամ թոշակը, սակայն 40.360 դրամ է, մոտ 12.000 դրամով պակաս է:
«Այս իրավիճակներն ինձ հիշեցնում են պեռաշկու անեկդոտը՝ մեկը մսով պեռաչկի է առնում, մի հատ կծում է, ասում է՝ բա ո՞ւր է միսը, ասում են՝ դեռ չես հասել, մի հատ էլ է կծում, ասում է՝ բա ո՞ւր է միսը, ասում է՝ անցար արդեն»:
Ապա նա ընդգծեց, որ անվտանգության ոլորտում ևս առաջընթաց չկա. «Մինչդեռ բոլորն այսօր ընդունում են, որ ՀՀ-ը տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական բալանսը, պատեհ-անպատեհ ասում են «Իսկանդեր», «Իսկանդեր»:
Երեկ որ Սարոյանը խոսում էր, ուզում էի ասել՝ գուցե« Իսկանդերն» օգտագործեիք ամպերը ցրելու համար, եվ եթե դու անընդհատ ասում ես, նշանակում է, որ այդ գործիքն իր նպատակին չի ծառայի: Այս իշխանությունն առաջին անգամ հրադադարի հաստատումից հետո տարածք է զիջել Ադրբեջանին»,-շեշտեց Փաշինյանը: Վերջինս ասաց, որ նոր ատոմակայանի կառուցման մասին խոսվեց 2008 թ-ին նախագահի կողմից, նոր ատոմակայան չկա, իսկ այս ծրագրում նույնիսկ խոսք չկա այդ մասին:
Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից. «Ասում էին՝ ավարտին կհասցնեն ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունը: Ավարտին են հասցրել ու գցել են աղբարկղ, էս մարդիկ հո չեն ասել, որ ստորագրելու են, ասել են՝ ավարտին են հասցնելու, ավարտին են հասցրել:
Ասում են՝ ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու 2018-ի վարչապետը, կա տարբերություն, եթե դուք պրոցեսները տանում եք այնպես, որ Սերժ Սարգսյանին կարգեք վարչապետ, այդտեղ կա տարբերություն»:
Փաշինյանը վստահ է՝ բոլոր ձախողումների թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Բանակաշինությունից՝ Փաշինյանը նշեց, որ վերջին տարում մարդկանց նվիրատվություններով է կարգավորվել առաջնագիծը, 5 միլիարդի նվիրատվություն է արվել հատուկ հաշվեհամարին, որի չնչին տոկոսն է արել սփյուռքը: «Սա նշանակում է, որ այս իշխանությունը սպառել է վստահության ռեսուրսը: Ասում են՝ մեզ վտսհության քվե են տվել ընտրությունների ժամանակ: Բացահայտեք նաև վստահության քվեի գինը, քանի՞ 10 հազար դրամ եք ծախսել: Կամ ուզում եք ասել, որ մինչև 2040 թվականը Սերժ Սարգսյանն իշխանության ղեկին է լինելու, պրոցեսները տարվում են այնպես, որ այս կառավարությունն ու վարչապետը նախորդ բոլորի վրա քավության նոխազ լինի»:
Փաշինյանը նաև կոչ ուներ հանրությանը. «Գնդակը հանրության դաշտում է, այս սցենարը կձախողվի միայն մեկ պարագայում, եթե ՀՀԿ-ն տեսնի, որ ժողովրդի, որի մի մասը թեկուզ ընտրակաշառքով գնացել ու քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, դուրս գա փողոց ու թույլ չտա այդ խայտառակ պրոցեսը»: