Նոր բարդություններ վարորդների համար. Հրապարակ
Ճանապարհային ոստիկանության որոշումը՝ հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում երթեւեկության առավելությունը հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին տալու մասին, բարդությունների առաջ է կանգնեցրել վարորդներին: Բանն այն է, որ այսուհետ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: Իսկ դա խցանումների պատճառ է դառնում հատկապես օրվա պիկ ժամերին:
Վարորդները դժգոհում են, որ Ամիրյան, Աբովյան կամ Տիգրան Մեծ փողոցներից հրապարակի «կոլցո» մուտք գործելն ահավոր բարդացել է, Ամիրյան փողոցից կամ Տիգրան Մեծից գալիս ժամերով սպասում են, որ շրջանաձեւ երթեւեկության մեջ գտնվողներից մեկը բարի կամք դրսեւորի, ճանապարհը զիջի՝ իրենք մտնեն:
Արդյունքում կուտակումներ, խցանումներ են առաջանում: Պատկերը հատկապես «տպավորիչ» է դառնում օրվա պիկ ժամերին: Ի վերջո, ինչմւ պետք է զիջեն շրջանաձեւ երթեւեկության մեջ գտնվողները, եթե, նոր փոփոխությամբ, գլխավոր ճանապարհն իրենցն է: Բայց չեն էլ զիջում, կողքի փողոցներից մուտք գործողները լուսացույցն անցնում են ու մնում խաչմերուկում4 լուսացույցի եւ հրապարակի գորգի արանքում:
Ճանապարհային ոստիկանությունը նման փոփոխության գնացել է «այս հատվածում տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ կուտակումներից խուսափելու նպատակով»: Բայց, չնայած ՃՈ-ի ազնիվ նպատակին, այս ձեռնարկն էլ՝ ուղղված երթեւեկության կարգավորմանը, ուզում էին լավ լիներ, ստացվեց՝ ինչպես միշտ: Բանն այն է, որ մեր ճանապարհային ոստիկանությունը մի բան ձեռնարկելուց առաջ դրա, այսպես կոչված, «պաբոչնի» էֆեկտները հաշվի չի առնում, չի ուսումնասիրում արդյոք դա օգտակար է, թե կարող է ավելի բարդացնել իրավիճակը: Մեկ էլ կտեսնես՝ առանց խորը ուսումնասիրելու, մի որոշում կընդունեն, որը, ասենք, «երթեւեկության անվտանգության բարձրացման կամ երթեւեկությունը թեթեւացնելու համար է արվում»:
Հաջորդ օրվանից կսկսեն հենց այդ հատվածում շատանալ ավտովթարներն ու վտանգավոր իրավիճակները, խցանումները, կուտակումները: Իրականում, ՃՈ-ն այս քայլով որոշել է ձերբազատվել սովետական շրջանից մնացած երթեւեկությունից ու առաջնորդվել միջազգային փորձով, երբ շր- ջանաձեւ երթեւեկության մեջ գտնվողներն առավելություն ունեն մյուսների նկատմամբ: Բայց դա պետք է անել խելամիտ ձեւով եւ հարակից այլ փոփոխություններով, որ օգուտը վնասի չվերածվի:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: