03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Շարմազանովը՝ 2018-ի վարչապետի մասին «Ելքի» մտահոգություններից (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր Կառավարության ծրագրի վերաբերյալ արտահերթ ելույթից առաջ նախ նշեց, որ սա ամենագլխավոր քաղաքական փաստաթուղթն է, ուստի և իր ելույթն էլ քաղաքական ուղղվածություն է ունենալու:

Ապա նա հիշեցրեց՝ ծրագիրը հիմնված է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերի ու նախագահ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 18-ին խորհրդարանում ունեցած ելույթի հիմնադրույթների վրա: «Կառավարությունը, որի քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն է, ներկայացրել է այս ծրագիրը, որը քննարկել ենք մանրամասն ՀՀԿ խմբակցությունում ու ՀՅԴ-ի գործընկերների հետ ևս»,-նշեց նա ու անցավ ծրագրի հիմնական կետերին:

«Այո, մենք այսօր ունենք բազմաթիվ մարտահրավերներ, և այս ծավալուն փաստաթղթի մեջ հստակ, ուղիղ ներկայացված են այդ մարտահրավերներին դիմակայելու միջոցները: Մենք ունենք մի հանրապետություն, որ, դժբախտաբար, 17 տոկոսանոց թոքերով է շնչում: Ունենք բազում անվտանգության մարտահրավերներ, գումարած ահաբեկչության մարտրահրավերը, ուղիղ Հայաստանից մինչև Սիրիա մի քանի 100 կմ է, մենք, որպես քաղաքական իշխանություն, պարտավոր ենք բոլոր բացասական բաները դիտարկել»,-նկատեց ԱԺ փոխխոսնակը:

Վերջինս շեշտեց՝ ՀՀ ու Արցախի անվտանգությունը, որ ամենկարևոր հարցն է, ներառված է ծրագրի մեջ: «Պատահական չէ, որ ՀՀԿ-ն գնաց ընտրությունների «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով»,-ասաց նա: Շարմազանովն անդրադարձավ նաև ընդդիմադիրների քննադատություններին, թե արտաքին հարաբերությունների, մասնավորապես Արցախի մասին մասին մի տողով է գրված: «Մի տողով է գրված, բայց շատ դիպուկ, ուղիներն են նշված»: Նա հիշեցրեց, որ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կարևորագույն դրույթներն են այս հարցում:

«Իշխանությունը ևս մեկ անգամ վերահաստատում է՝ Արցախի ժողովրդի ճակատագիրն ու ապագան պետք է նախևառաջ որոշի հենց Արցախի բնակչությունը, մենք ջանք չենք խնայելու, որ հասնենք Արցախի հանրապետության դե յուրե ճանաչման»: Նա ընդգծեց, որ հարևան երկրների, նաև մյուսների հետ հարաբերությունները պետք է զարգացնել:

Ապա ԱԺ փոխնախագահն ասաց, որ Կառավարությունը նաև պայքարելու է կոռուպցիայի դեմ, տարեկան նվազագույնը 5 տոկոս տնտեսական աճ է պատրաստվում ապահովել, 25 նվազագույն աշխատավարձի աճ, գործազրկության կրճատում, աղքատության կրճատում 12 տոկոսային կետով:

Շարմազանովը նաև հռետորական հարց ուղղեց՝ բավարա՞ր է, թե՞ ոչ: «Եթե ցանկությունների դաշտից գնանք, մենք ունենք ավելի ցանկություններ, բայց պետք է լինենք իրատեսական ու չգնանք պոպուլիզմի ճանապարհով: Իրատեսակա՞ն են, կարծում եմ՝ այո, մենք պետք է գնանք կոնկրետ գործողությունների»: Նա հիշեցրեց հայտնի խոսքը, թե ոչ բոլոր գործողություններն են հանգեցնում բարեկեցության, ինքը հավելեց՝ որպեսզի հասնենք բարեկեցիկ Հայաստանի, բոլոր պետք է օրուգիշեր աշխատեն իրենց տեղերում: Մեկ այլ հայտնի խոսք էլ հիշեց՝ արձագանքելով ընդդիմադիրների դժգոհություններին. «Եթե նույնիսկ իշխանությունը գետի վրայով քայլի, կհայտնվեն ընդդիմադիրներ, որոնք կմեղադրեն լողալ չիմանալու մեջ:

Այստեղ՝ այս դահլիճում, մենք տարբեր ենք, յուրաքանչյուրս ունենք մեր կուսակցական շահը, տեսլականը, բայց գլխավորում մենք միասնական ենք՝ պաշտպանել ՀՀ ազգային ու պետական շահը և մեր սերունդներին թողնել ավելի արդար, մրցունակ ու ժողովրդավարական Հայաստան»:

Ըստ նրա՝ սրան հասնել հնարավոր է, միայն թե աշխատել է պետք:

Ապա խոսելով «Ելքի» պատգամավորների բարձրացրած հարցից, թե ով է լինելու վարչապետ 2018 թվականից հետո՝ Է. Շարմազանովն ասաց. «Մենք այլևս խորհրդարանական հանրապետություն ենք, իսկ ընտրություններին ժողովուրդը վստահության քվեն տվել է քաղաքական կոալիցիոն ուժերին՝ ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի  գլխավորությամբ ու ՀՅԴ–ին:

Հետևաբար, անկախ 2018-ին վարչապետի անձից՝ գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության հետ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, մեր պարագայում գործ պիտի ունենաք ՀՀԿ-ի հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ