«Վլադիկն ասում էր` չհասցրի երեքին էլ սպանեի».նոր մանրամասներ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով դատական նիստը:
Այսօր ցուցմունք է տվել դեպքի օրը ծառայության մեջ գտնվող ոստիկան Դավիթ Վարոսյանը: Վկան հայտնել է, որ 2016թ. հուլիսի 8-ին Շենգավիթ վարչական շրջանում գիշերային ծառայություն է իրականացրել գործով մյուս վկա ոստիկան Արսեն Մխոյանի հետ, որից հետո հրահանգ են ստացել ոստիկանության բաժանմունք գնալ և գործով տուժող Թագուհի Մանսուրյանին և նրա մորը ուղեկցել տուն:
«Ծառայություն ենք իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում, հերթապահը կապնվել է մեզ հետ, ասաց, որ մոտենանք Շեգավիթի ոստիկանության բաժին: Ասաց, որ մայր ու աղջիկ կան, նրանց ուղեկցենք տուն, նստեցին, տարանք իրենց շենքի մոտ: Հասանք, ասացին` կանգնեք, իջնենք: Իջան, ճչոց լսեցինք, տեսանք, որ մի տղամարդ շքամուտքից մեկ ուրիշին հրելով հանում է դուրս: Նկատեցինք, որ արյուն կա, ներսում տեսանք արյան մեջ ընկած: Վլադիկն ասում էր` չհասցրի երեքին էլ սպանեի, բռնեցինք, նստեցրին մեքենան, հետո շտապօգնույթուն կանչեցինք»,-պատմել է վկա ոստիկանը:
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 8-ի գիշերը ժամի 4-ին Երեւանի շենքերից մեկի շքամուտքում Թագուհու նախկին ամուսինը կացնահարեց ամբողջ ընտանիքին՝ Թագուհուն, նրան օգնության հասած՝ մորը՝ Կարինե Մանսուրյանին, որը տեղում մահացել է եւ հորը՝ Վաչագան Մանսուրյանին: